Երեկ՝ նոյեմբերի 21-ին, հայաստանցի վարորդները բեռնատար ավտոմեքենաներով փակել էին Իրան-Հայաստան մայրուղին՝ պահաջելով հավասար պայմաններ ստեղծել հայաստանցի և իրանցի բեռնատարների համար: Վարորդներն «Առավոտին» տեղեկացրել էին, որ Իրանից Հայաստան մտնելիս իրենց սահմանափակ քանակությամբ դիզվառելիք է թույլատրվում բերել, մինչդեռ իրանցի վարորդներին դիզվառելիքը վաճառվում է ավելի էժան ու անսահմանափակ: Վարորդները նաև տեղեկացրել էին, որ իրենց հետ հանդիպել է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և խոստացել է պահանջները փոխանցել Սյունիքի մարզպետարան:
Analitik.am-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի խոսնակ Մարիամ Ծատրյանն ասաց, որ ճանապարհներն այս պահին բաց են. «Երեկ են 1 ժամով փակել Իրան-Հայաստան մայրուղին, վարորդների խնդիրը նոր չէ: Այս խնդիրը բարձրացվել է նաև 20 օր առաջ, նրանց հիմնական պահանջն այն է, որ հայաստանցի և իրանցի բեռնատարների միջև հավասար պայմանների ապահովում լինի»:
Ծատրյանն ասաց նաև, որ համայնքապետի հետ հանդիպումից հետո վարորդները բացել են ճանապարհը. «Պարոն Զաքարյանը լսեց վարորդների պահանջն ու մտահոգությունը և խոստացավ այդ ամենը փոխանցել մարզպետին, ով էլ խնդրի մասին տեղյակ կպահի կառավարությանը, որովհետև դա համայնքի ղեկավարի մասշտաբով լուծելու հարց չէ: Այդ հարցով պետք է զբաղվի տրանսպորտի և կապի նախարարությունը, անգամ ԱԳՆ-ն, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի վարորդներին»:
Օֆելի Իսրայելյան