ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մոլորեցրել է ոչ միայն Խորհրդային Միությանը, այլև ողջ համաշխարհային միությանը`շարունակելով դաշինքի ընդլայնումը դեպի արևելք՝ չնայած Մոսկվայի հետ պայմանավորվածություններին: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա եղել է գլոբալ խաբեություն»,-ընդգծել է նա՝ հիշեցնելով նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրապարակային հայտարարություններն այս թեմայի շուրջ:
Զախարովան ավելացրել է նաև, որ խաբեության համար պատասխանատվությունն ընկած է ոչ միայն դաշինքի ղեկավարության և կոնկրետ մարդկանց, այլև ամբողջ երկրների և քաղաքական համակարգերի վրա:
Զախարովան կոչ է արել համաշխարհային հանրությանն ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչպիսի հարված է հասցնում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները միջազգային կայունության հարցում․ «Սա ոչ միայն ՌԴ-ի անվտանգության խնդիրն է, այլև հարց է այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում ընդհանրապես»,-եզրափակել է իր խոսքը ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը: