Սաուդյան Արաբիայի իշխանությունները, ենթադրաբար, խոշտանգել են ակտիվիստ կանանց: Նման մեղադրանք են ներկայացրել իրավապաշտպան կազմակերպությունները, հաղորդում է CNN-ը։
Ըստ «Amnesty International»-ի ունեցած տեղեկությունների, 2018 թվականի մայիս ամսին, մի քանի կանանց զրկել են ազատությունից առանց մեղադրանքի։ Նրանց նկատմամբ կատարվել են սեռական ոտնձգություններ, խոշտանգումներ և տարբեր ճնշման ձևեր։
Ըստ երեք տուժածի տված ցուցմունքի, նրանց նստեցրել են էլեկտրական աթոռի վրա և ծեծի են ենթարկել: Կանայք նաև հայտնել են, որ միջադեպից հետո նրանք չեն կարողացել քայլել և կանգնել, և նրանց մարմնի վրա առկա են ծեծի հետևանքով առաջացած կապտուկներ: Բացի այդ նշվում է, որ բանտում տուժածներից մեկը մի քանի անգամ փորձել է ինքնասպանություն գործել:
Ինչպես նշվում է, Սաուդյան Արաբիայի կառավարությունը հերքել է մեղադրանքը․ «Սաուդյան Արաբիայի թագավորության օրենսդրությունը չի թույլատրում խոշտանգումների կիրառումը: Դրանից առաջացած ցանկացած հետևանք, որի պատճառով կտուժեն թե կանայք, թե տղամարդիկ դատախազի կողմից կվերահսկվեն և կանցնեն ստանդարտ իրավական ընթացակարգեր»,-ասված է հեռուստաընկերության կողմից ստացված մեկնաբանության մեջ:
«Խոշտանգումների, սեռական ոտնձգությունների և այլ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին ցնցող զեկույցները հայտնվեցին Ջամալ Խաշոգջիի սպանության մասին լուրից մի քանի շաբաթ անց, և եթե դրանք հաստատվեն, ապա ցույց կտան, թե ինչպես են սաուդյան իշխանությունները խախտում մարդու իրավունքները»,-ասել է Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի ղեկավար Լինն Մալուֆը։
Ավելի վաղ Մուհամեդ բեն Սալմանը մի շարք սոցիալական և տնտեսական բարեփոխումներ է իրականացրել՝ թույլատրելով կանանց մեքենա վարել՝ առանց տղամարդկանց ուղեկցության, բացել է կինոթատրոններ և խոստացել է հավասարեցնել կանանց և տղամարդկանց աշխատավարձերը: