Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանցիների 61 տոկոսի կարծիքով Պուտինը պատասխանատու է երկրում առկա խնդիրների համար

Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը պետության ղեկավարին համարում է երկրի առջև ծառացած խնդիրների պատասխանատուն, ըստ «Levada Center»-ի հարցումների:

Սոցիոլոգիական կենտրոնի կայքում հրապարակված ուսումնասիրության համաձայն, 2018 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ռուսաստանցիների 61 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին պատասխանատու է երկրի առջև ծառացած խնդիրների համար, իսկ 16 տոկոսը համոզված է, որ նախագահը պատասխանատու չէ այդ խնդիրների համար: Հարցվածների 10 տոկոսը կարծում է, որ «կոռումպացված» պաշտոնյաներն իրենց մեղավորությունն ունեն երկրում առկա խնդիրների հարցում, 6 տոկոսն ամեն ինչ կապում է օբյեկտիվ հանգամանքների հետ՝ ներառյալ 90-ականների ժառանգությունը և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները՝ շեշտելով, որ նախագահն ամեն ինչ ճիշտ է անում:

Այն հարցին, թե ներկայիս քաղաքական գործիչներից ում են պատրաստ տալ իրենց ձայնը, եթե նախագահական ընտրություններ տեղի ունենան, հարցվածների 56 տոկոսը պատրաստ է քվեարկել գործող նախագահի օգտին: Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 29 տոկոսը դժվարացել է պատասխանել, թե ում կտա իր ձայնը:

Հայտնի է, որ վերոնշյալ հարցումն անցկացվել է հոկտեմբերի 18-24-ը, Ռուսաստանի Դաշնության 52 մարզերում՝ 18 տարեկանից բարձր տարիքի 1600 բնակչության շրջանում:

Նույն շարքից