Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ինչպես նաև «Yeezy» և «Adidas» բրենդները 500 հազար դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից տուժածներին:
«Ամուսնուս՝ Քանյեի անունից «Yeezy»-ը և «Adidas»-ը 200 հազար դոլար են նվիրաբերում Կալիֆոռնիայի հրշեջներին: Մենք ևս 200 հազար դոլար ենք նվիրաբերում California Community Foundation կազմակերպության անտառային հրդեհների դեպքում օգնության ցուցաբերման ֆոնդին»,-ասել է Քարդաշյանը «Ellen Show» հաղորդման եթերում:
Բացի այդ, Քարդաշյանը նաև 100 հազար դոլար է տվել ընտանեկան զույգին, որը հրդեհների հետևանքով կորցրել է իր տունը:
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում տեղի ունեցած հրդեհը նահանգի պատմության մեջ ամենաավերիչն էր: Հայտնի է, որ տարհանվել են ավելի քան 300 հազար մարդ, որից 84 մարդ զոհվել է:
Ավելի վաղ հայտնվում էր այն մասին, որ հայտնի շոտլանդացի դերասան Ջերարդ Բաթլերը, կանադացի երաժիշտ Նիլ Յանգը և ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը հրդեհների պատճառով զրկվել են իրենց տներից։