Երևանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում, ցուցակներում չկա, սակայն շարունակում է մնալ ՀՀԿ անդամ և չի պատրատվում հեռանալ կուսակցությունից:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի հետ կապված խնդիրներին, ինչի մասին վերջին շրջանում մի քանի անգամ խոսել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Նահապետյանը նշել է, որ շատ խախտումներ, որոնց մասին խոսվում է, հնարավոր չէ իրականացնել: Խոսքը մասնավորապես վերաբերում է ջրի կորստին: Նահապետյանը պնդում է, որ իրենք ջուր չեն օգտագործում էլեկտրաէներգիա ստանալու համար, օգտագործում են ջրի ուժը, և ՀԷԿ մտած ջուրը նույն ծավալով դուրս է գալիս:
Լրագրողների հետ զրույցում Նահապետյանը նաև հայտնել է, որ անձամբ ինքը 2 ՀԷԿ ունի, որտեղ ստուգումներ իրականացվել են, խախտումներ չեն հայտնաբերվել: Նաև հայտարարել է, որ իր ՀԷԿ-երում ջրաչափ դրված չկա, եթե որոշվի, որ պետք է դնել, կդնեն, սակայն դրանով որևէ բան չի փոխվելու, քանի որ հիդրոէլեկտրակայանները ջուր չեն օգտագործում: