Տնտեսություն գլխավոր 

Ակնհայտ է, որ տնտեսական դաշտում էական տեղաշարժեր չեն եղել. Բագրատ Ասատրյան

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, պատասխանելով հարցին, թե ՀՀ կառավարությունը որտեղ է թերանում տնտեսության զարգացման գործում, նշեց, որ մինչ այս պահը տնտեսական խնդիրներում դեռ ավելի քիչ արվել է, քան՝ պետք է արվի. «Ես խոստացել եմ մինչև փետրվարի 1-ը բան չասել, որովհետև հասկանում եմ՝ բարդ շրջան է, սերնդափոխություն է, ընտրություններ են: Երբ կառավարությունը ձևավորվի, այդ ժամանակ ես կխոսեմ: Բայց ակնհայտ է, որ տնտեսական դաշտում էական տեղաշարժեր չեն եղել»:

Ասատրյանն ասաց, որ ավագ սերունդն էլ է ուզում լավ ապրել, նրանք սպասելու ժամանակ չունեն, հեղափոխություն է եղել, վճիռներ պետք է կայացվեն, տեղից պետք է շարժվել:

Ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք համագործակցել կառավարության հետ, Ասատրյանը հայտարարեց, որ միշտ համագործակցել է՝ դա անելով որպես քաղաքացի. «Ես իմ պարտավորությունները կատարում եմ, հարկերը վճարում եմ, երեխաներին դաս եմ տալիս»:

Ասատրյանը պատասխանեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարցին, որ տնտեսական դաշտը Հայաստանում պետք է փոխվի: Տնտեսագետի խոսքերով, դա գլոբալ փոփոխություն է, չենք կարող ակնկալել, որ կես տարվա մեջ հանքարդյունաբերությանը կփոխարինի այլ ոլորտ:

«Մենք 30 տոկոս աղքատություն ունեցող երկիր ենք, սակայն իրականությունը դա չէ: Սոցիալական քաղաքականության նպատակն իրական անապահովներին բացահայտելն ու օգնելն է, իսկ պետական քաղաքականության նպատակը՝ նրանց թիվը կրճատելը և աշխատանքի ակտիվությունն ավելացնելը»,-ասաց Ասատրյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր նախարար ամսվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է հաշվետվությամբ հանդես գա. «Վարչապետը դա անում է, իսկ նախարարները՝ ոչ: Բայց կրկնում եմ, մինչև փետրվարի 1-ը ես չեմ խոսելու»:

Նույն շարքից