Իմ դեպքը երևի ամենապարզն էր, ես երևի հայտնի եմ իմ հարցազրույցներով, ինձ հայտնի է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, ես ունեմ աշխատանք, ընդ որում՝ միջազգային նաև: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես եղավ, որ ինքն ընդգրկվեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակում:
Իգիթյանը նշեց, որ իրեն առաջարկություն է արվել, ինքը մեկ օր մտածել է, որպեսզի հասկանա՝ կարող է արդյո՞ք կատարել պարտականությունները, որոնք ենթադրում է մանդատը, և ընդունել է առաջարկը:
Իգիթյանը հայտնեց, որ ՀՀՇ վարչությանն իր անդամակցությունը դադարեցրել է 7-8 ամիս առաջ, հետևաբար հարցը չի քննարկվել այնտեղ:
«Իմ քայլը» դաշինքի անդամը հավաստիացրեց, որ ինքը քննություն չի տվել ցուցակում հայտնվելու համար (Կա տեսակետ, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու համար հավատաքննություն է իրականացվում). «Ես կարող եմ ասել, թե ինչպես պետք է մարդիկ լինեն ցուցակում: Այնտեղ կա քաղաքական թիմ, որը պետք է որոշի, թե ում հետ միասին և ինչպես պետք է իրականացնեն գործը: Դա CV-ով չի լինում»,-ասաց գործիչը՝ հավելելով, որ առայժմ ՔՊ անդամ չէ: