Վարչապետը և փոխվարչապետը հայտարարել են, որ գերատեսչությունները կրճատվելու են, սակայն թե կոնկրետ որոնք են իրար միանալու, կամ փակվելու, կամ այլ ձևաչափ ստանալու, այդ մասով որոշում չկա: Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն ու օպտիմալացումն է. «Բայց անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, լինելու է ինստիտուտ, որն աշխատելու է սփյուռքի հետ: Իսկ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ասեմ, որ 6 ամիսների ամենօրյա աշխատանքներից տպավորությունն այն է, որ Սփյուռքի նախարարությունն ի սկզբանե եղել է սիմվոլիկ: Այսինքն եղել է գերատեսչություն, որն իր առաջ չի դրել ամենահավակնոտ խնդիրները: Պետության կողմից նաև այդ գերատեսչության առաջ անլուծելու խնդիրներ չի դրվել: Մի քանի ծրագրեր են իրականացվել, փառատոններ և այլն»:
Հայրապետյանը կարծիք հայտնեց՝ եթե նախարարությունը պետք է լինի խորհրդանշական բնույթի՝ սփյուռքի աչքերին թոզ փչելու համար, ապա պարտադիր չէ, որ այն լինի առանձին նախարարություն․ «Բայց ես կարծում եմ, որ ՀՀ-ն կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն: Քննարկումներն այս երկու ուղղությամբ են ընթանում: Ինչ որոշում էլ ընդունվի, այն բխելու է աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար»:
Թե որտեղ է ինքը լինելու ընտրություններից հետո, Հայրապետյանը չգիտի, բայց գիտի, որ դա որոշելու է քաղաքական թիմը և ինքը կատարելու է այն պարտականությունները, որոնք բխելու են իր զբաղեցրած դիրքից: