Քաղաքական գլխավոր 

Ես, լինելով ԱԺ պատգամավոր, պառկել էի ավտոբուսի առջև. Նիկոլ Փաշինյան

Հեղափոխությունից հետո, երբ մեզ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, մենք առաջին հերթին կարևորում էինք երկրում սահմանադրականության կարևորությունը: Այսօր՝ նոյեմբերի 23-ին, տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Մենք ասում էինք, որ տնտեսության համար կարևորն օրինականությունն է, օրենքի առաջ բոլորի հավասար լինելը, արդարության միջավայրի ստեղծելը»:

Փաշինյանի խոսքերով, հաջորդ խնդիրը, որին բախվել են, պետական ապարատի ծայրահեղ անարդյունավետությունն է. «Մենք դա ձևակերպել ենք որպես քաղաքական խնդիր, որին անդրադառնալու ենք 2019 թվականի ընթացքում: Հույս ունեմ, որ ընտրություններում կստանանք վստահության քվե»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե իշխանությունը չի անում սա, սա, սա, Փաշինյանի խոսքերով, դա ինչ-որ տեղ հին քաղաքական համակարգի իներցիան է. «Եթե իշխանությունը բոլոր հարցերի լուծումը վերցնում է իր ձեռքը, բնականաբար բոլոր չարածների պատասխանատուն ինքն է: Մարդիկ բաժնեմասեր գնելիս վարչապետից հարցրել են, կարելի է, թե ոչ, հարցրել են, թե ում վաճառել: Սա աբսուրդ իրավիճակ է, բայց սա մեր իրականությունն է եղել: Սակայն այսօր խնդիրների լուծման դերակատարությունը ոչ միայն կառավարությանն է, այլ նաև հանրային տարբեր շերտերինը: Մեզ համար անհատական ջանքը եղել է առանցքային բոլոր հանրային խնդիրների լուծման համար: Կարծում եմ, որ այդ հնարավորություններն այսօր ստեղծվել են»:

Վարչապետը խոսեց նաև մարդկանց վարքի և վերաբերմունքի փոփոխության մասին՝ նշելով, որ հեղափոխությունը փոխվեց հենց միայն այն պատճառով, որ մարդկանց վարքի փոփոխություն է տեղի ունեցել: Ապա Փաշինյանը հիշեց հեղափոխության օրերից մի դեպք, երբ ինքը, լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար, պառկել է քաղաքային ավտոբուսի դիմաց: Նրա խոսքերով, ինչ-որ առումով դա էլ է վարքի փոփոխություն․ «Մի տղա այդ պահին վիճում էր հետս, որ դասի է, ես ագրեսիվությամբ չէի պատասխանում: Հաջորդ օրը նույն տղան մոտեցել էր ինձ ու հարցնում էր՝ հիշում եմ իրեն, թե ոչ: Վարքի փոփոխությունը սա է: Եթե քաղաքական վարքի փոփոխությունը կարողանանք դարձնել տնտեսական վարքի փոփոխություն, հեղափոխություն կլինի նաև տնտեսության մեջ»:

Փաշինյանի խոսքերով կարևոր է, թե ինչպես է հարկ վճարողն ընկալում հարկ վճարելը՝ երկրի փոփոխություններին իր մասնակցություն, թե բեռ, լուծ, կաշկանդող մի բան. «Հարկ վճարողի, աշխատողի, գործարարի վարքագծի փոփոխությունը և հանրության վերաբերմունքը գործարարի նկատմամբ ամենառանցքային խնդիրն է, որ մենք այսօր պետք է լուծենք»:

Նույն շարքից