Այսինքն ՀՀ վարչապետն ինչ պետք է անի, սենյակից պետք է դուրս չգա՞, միջազգային կազմակերպությունների չափորոշիչները ձեր կայքերում հրապարակեք, թող ձևակերպված լինի, թե որոնք են այդ չափանիշները: Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հանրապետականների և այլ գործիչների մեղադրանքին, թե ինքը Գեղարքունիք և Արագածոտն կատարած այցերի ժամանակ քարոզարշավով է զբաղվել, ինչը կարելի է անել միայն նոյեմբերի 26-ից հետո, այն էլ ոչ աշխատանքային ժամերին:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 24-ին կայանալիք երթին և նրան, թե ինչու է այն արվում 24-ին, ոչ թե 26-ից հետո, Փաշինյանը հարց տվեց՝ իսկ ՀՀ որևէ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որևէ երթ անելու հարցում. «Ամսի 17-ին, երբ հանրահավաք էինք անում, խախտո՞ւմ էինք, թե՝ ոչ, կամ որ գնացել էի մարզեր: Ես առաջադրանք եմ տալիս համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես՝ Հանրապետական՝ որևէ մեկը գիտի՞, որևէ քաղաքացի, այդ թվում նաև վարչապետը, սահմանափակվա՞ծ է, որևէ օր երթ, հավաք անելու հարցում: Դա իրենց ժամանակ էր, այս Հայաստանում նման բան չկա»:
Փաշինյանի խոսքերով, քարոզչության համար նախատեսված ժամկետից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ ձևով որևէ քարոզչություն անելու հարցում, իսկ քարոզչության ժամկետի ժամանակ կան սահմանափակումներ:
Փաշինյանը երթով իր ուժերը ստուգելու նպատակ չունի, այն կրում է քայլելու բնույթ. «Մենք երթ ենք անելու: Կարող ենք ընտրական հարցեր շոշափել, կամ ոչ: Թող ցույց տան միջազգային չափանիշներ: Հերիք է Հայաստանում խոսեն առանց հիմնավորումների: Թող ցույց տան այդ միջազգային չափանիշները: Ես հիմա կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին խորհրդարանական ընտրություններում, հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կարգախոսին, Փաշինյանը հայտարարեց, որ ամենամտահոգ քաղաքացին ինքն է: