Սամվել Բաբայանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ ուժի չի սատարելու: Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողներից հետո զրույցում նա հայտնել է, որ ուղղակի հետևում է քաղաքական զարգացումներին:
Բաբայանը նշել է, որ բոլոր ուժերին, այդ թվում նաև հեղափոխություն իրականացրած ուժին նորմալ է վերաբերում:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը խոսել է նաև Արցախ գնալու մասին՝ հայտարարելով, թե խեղաթյուրվել են իր խոսքերը՝ ներկայացվելով, իբր ինքն ասել է, որ Արցախ կգնա, եթե իշխանությունները թողնեն. «Ինձ՝ պարոն Բաբայանին, որևէ մեկը չի կարող թողնել կամ չթողնել գնալ Արցախ, չի ծնվել նման մարդ: Ես այս երկրում երեք անգամ դատվեցի միայն այդ ազատության համար: Ես ուղղակի բացատրել եմ, որ Արցախի իշխանությունները պետք է համագործակցեն Երևանի հետ, այսինքն Երևանի կարծիքը պետք է նկատի ունենալ: Երևանը դեռ կարծիք չի հայտնել Արցախի մասով, կասի, կխոսենք»:
Ինչ վերաբերում է իր գործին, մասնավորապես նրան, թե ով է եղել դրա պատվիրատուն, ինչի մասին ամիսներ առաջ խոսել էր՝ առանց անուններ տալու, Բաբայանն ասել է, որ ՀՀ-ում մի մարդ է պատվեր տալիս, երկրորդը չի եղել: Այս անգամ ևս Բաբայանն անուն ազգանուն չի հայտնել. »Մարդը եթե կենդանի է լինում նրան անուն ազգանուն չեն տալիս, մարդ եթե քո ուսերին գալիս է իշխանության, հետո սկսում է քեզ բանտերում պահել, նա կենդանի է»:
Հարցին, թե իր հետ կապ հաստատելու փորձեր եղել են արդյո՞ք, Բաբայանն ասել է, որ դա եղել է այն ժամանակ, երբ ինքը կալանքի տակ է եղել, դրանից հետո՝ ոչ:
Հիմա Բաբայանը զբաղվում է անձնական կյանքով, քաղաքականությամբ չի զբաղվում: