Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հիմա տեսնենք՝ կարողանո՞ւմ են Խաչատուրովին մինչև վերջ մեղադրել. Սամվել Բաբայան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հիմա չի ցանկանում խոսել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին, նրա կարծիքով, պետք է սպասել մինչև դեկտեմբերի 6-ը կայանալիք հանդիպումը, երբ որոշվելու է գլխավոր քարտուղարի հարցը:

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում, Բաբայանն ասաց, որ հիմա չի ցանկանում ասել, թե ով կլինի նոր գլխավոր քարտուղարը, չի ցանկանում խոսել նաև Խաչատուրովի գործի մասին, քանի որ չի կարող:

Ինչ վերաբերում է հարցին, որ Խաչատուրովին մեղադրում են Սահմանադրական կարգը խախտելու մեջ, Բաբայանը նշեց. «Ինձ էլ էին մեղադրում, հիմա տեսնենք՝ կարողանո՞ւմ են մինչև վերջ մեղադրել: Ես չգիտեմ որքանով է դա իրական, որքանով՝ ոչ: Ուրեմն պետք է հետևենք ու տեսնենք ինչ է լինում»:

Բաբայանը հայտնեց, որ Խաչատուրովի ու բոլորի հետ միշտ նորմալ հարաբերություններ է ունեցել, բացառություն է եղել միայն մեկը. «Հանրապետությունում որևէ այլ մարդու հետ ոչ նորմալ հարաբերություններ չեմ ունեցել, բացի մեկից, ով մրսում էր միշտ»:

Արցախի ՊԲ նախկին հրամանատարը պատասխանեց նաև Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարության մասին հարցին, որ պետք է բանակցել Բակո Սահակյանի հետ իշխանությունն անցնցում, խաղաղ փոխանցելու համար: Բաբայանը նշեց, որ դա Սեֆիլյանի կարծիքն է, իր հետ կապ չունի, ինքն իր կարծիքը հայտնել է. «Չի կարելի Արցախում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու, չի համագործակցելու: Հայաստանի կարծիքը պետք է նկատի ունենալ: Իսկ թե ինչ նկատի ունի Սեֆիլյանը, ես տեղյակ չեմ»:

Բաբայանի համար երկու սկզբունքային հարց կա՝ այս փուլում Արցախի ու Հայաստանի միացումը սխալ է, Ռուսաստանի հարաբերությունների մասով Սեֆիլյանի թիմի մոտեցումը սխալ է. «Դրա համար մենք իրար հետ չենք շփվում»:

Նույն շարքից