Հասարակություն 

Սարսափելի մանրամասներ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից. ermenihaber

Թուրքական լրատվական կայքերում հրապարակվել են նոր մանրամասներ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի  սպանության գործի վերաբերյալ:

Պարզ է դարձել, որ Խաշոգջիին պարկով խեղդելուց հետո դին մասնատել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի սենյակում: Սպանությունն իրականացնող խմբի անդամներից մեկը եղել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատաբժիշկ, դոկտոր Սալահ Մուհամմադ Ալ-Թուբաիգին: Նշվում է, որ հենց նա է մասնատել Խաշոգջիի մարմինը:

Խաշոգջիի հագուստները հանելուց հետո, Թուբաիգին արյան հետքերից խուսափելու համար, ներարկիչով երակից հանել է արյունը, այնուհետև սանհագույցում հոսող ջրի տակ է լցրել:

Բացի այդ աղբյուրը հայտնում է, որ  Թուբաիգին մասնավոր ինքնաթիռով Սաուդյան Արաբիայից իր հետ տարատեսակ բժշկական պարագաներ է բերել:

Սպանություն իրականացնող 15 հոգանոց խմբի բժշկական պայուսակներում ներարկիչ և նշտար է  եղել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջամալ Խաշոգջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:

Սկզբում ենթադրվում էր, որ Խաշոգջին ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Խաշոգջին հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:

ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Խաշոգջին աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:

Աղբյուր՝ Sabah

Նույն շարքից