ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին վերջապես հաջողվել է մի քանի րոպեով հանդիպել Պատրուշևին, սակայն ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ոչ միայն Գրիգորյանի հետ, այլև Մոսկվայում գտնվող ԱՊՀ բոլոր ԱԽ քարտուղարների հետ: Այս մասին հայտնում է 168.am-ը:
Հայտնվում է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը տևական ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով փորձել է երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այդ թվում՝ Աստանայում նոյեմբերի 8-ին դա նրան չի հաջողվել, և նա ռուսական կողմից մերժում է ստացել:
Խնդիրը նրանում է, որ Ա. Գրիգորյանը մշտապես ունեցել է ընդգծված հակառուսական քաղաքական հայացքներ և հաճախ անձնական վիրավորական քննադատություն է հնչեցրել նաև ՌԴ նախագահ Պուտինի հասցեին: Նման հարցազրույցները չեն վրիպել ռուսական համապատասխան մարմինների ուշադրությունից: