Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ լրագրողների հանդիպման ժամանակ մի քանի անգամ հնչեց հարց, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ գտնվել արձակուրդում, եւ ստանալով բացասական պատասխան, լրագրողների մի մասը մտահոգություն հայտնեց, որ դա կլինի պաշտոնական դիրքի չարաշահում։ Այս կապակցությամբ պետք է տրվի պարզաբանում։
Եւ այսպես.
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի (Պատգամավորի թեկնածուների կարգավիճակը) 2-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Ինչը նշանակում է, որ հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը պետք է գտնվեն չվճարվող արձակուրդի մեջ, ի տարբերություն՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների, որոնց համար սահմանված է բացառություն, որի համաձայն՝ վերջիններս նշված ժամանակահատվածում կարող են համատեղել քարոզչության գործընթացը իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Իսկ նման ցանկություն չունենալու դեպքում նրանք կարող են ստանալ օրենքով իրենց հասանելիք արձակուրդը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան