Այսօր՝ նոյեմբերի 24-ին, համաերևանյան երթ իրականացնող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարության մասին, թե Արցախում էլ պետք է հեղափոխություն լինի, ասաց, որ արդեն իր լիարժեք աջակցությունն է հայտնել Արցախի գործող իշխանություններին՝ կարծիք հայտնելով, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ և դրանց արդյունքում ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն, իսկ ընդհանրապես Արցախի ներքաղաքական կյանքի մասով որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է, և Երևանն Արցախը հենց այդպես էլ ընկալում է:
Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են լինելու ապագա խորհրդարանի ղեկավարները, եթե «Իմ քայլը» դաշինքը որոշելու լինի դա, Փաշինյանը նշեց, որ քննարկումներ կան այդ մասով, սակայն որոշումներ դեռ չեն կայացվել:
Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 9-ից հետո ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեն տնտեսական հեղափոխություն:
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո կառավարության կազմում հնարավոր փոփոխություններին, Փաշինյանը հայտարարեց, թե չի կարող ասել, որ կլինեն լուրջ փոփոխություններ, չի էլ կարող ասել, որ չեն լինի: