Մենք աջակցել են հեղափոխության, համազգային զարթոնքին, արժեքային համակարգի, քաղաքական համակարգի փոփոխություններին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ անցել է արդեն 7 ամիս, կան սպառնալիքներ, մարտահրավերներ, կան ընտրություններ, իրենք առաջարկում են իրենց մոտեցումները, տեսլականն ու ծրագրերը:
Բաղդասարյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ Հանրապետական կուսակցությունը միակ ընդդիմադիրն է: Նրա խոսքերով, ընտրական գործընթաց է, իսկ թե ով է լինելու իշխանություն, ով՝ ընդդիմություն, ժողովուրդն է որոշելու:
Բաղդասարյանը խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի և այսօր ընթացող երթի մասին՝ հայտարարելով, որ հնարավոր խախտումների մասով ԿԸՀ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել և հույս հայտնելով, որ ընտրությունները լինելու են գրագետ մարդկանց մրցակցություն, ոչ թե փողի պայքար:
Մարտի 1-ի մասով ՕԵԿ-ի ծրագրում որևէ բառ չկա:
Բաղդասարյանի խոսքերով, հեղափոխությունը Հայաստանում արվել է, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, հիմա 7 ամիս է անցել, սակայն տնտեսական հստակ զարգացում չկա, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում. «Արդեն այս տարվա նոյեմբերի 9-ին կառավարությունը 50 միլիոն դոլար բյուջետային վարկ վերցրեց պետության ծախսերը հոգալու համար: 2019 թվականին պետական բյուջեի դիֆիցիտը կազմելու է 160 միլիարդ դրամ: Մենք տեսնում ենք ներդրումների բացակայություն, նվազում, չենք տեսնում քայլեր, որոնք կարող են բերել նոր ներդրումներ, աշխատատեղեր, նոր հնարավորություններ: Իսկ հեղափոխության նպատակն էր նոր հնարավորություններ ստեղծելը, ապահովել տնտեսական աճ, բարեկեցություն, երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը: Մենք այս հարցերի պատասխանը չենք տեսնում: Դրա համար մենք առաջարկում ենք երկրի կառուցման մեր տեսլականն ու ծրագիրը»: