Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը, որը մեկնարկել էր Նոր Նորքի 6-րդ զանգվածից, ավարտվեց Հանրապետության հրապարակում: Այդ ընթացքում երթի մասնակիցները քայլեցին 37,5 կմ, եղան Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ բացի Նուբարաշենից, ինչի համար Փաշինյանը ներողություն խնդրեց:
Հանրապետության հրապարակում, դիմելով հավաքվածներին, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ երթի նպատակն էր ցույց տալ, որ կամքի մասով որևէ փոփոխություն չկա. «Մենք սրանով ևս մեկ անգամ ի ցույց դրեցինք, որ մեր կամքն ամուր է քարից էլ և մեր ոգին հանձնվել չգիտի, և մեզ ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցման ճանապարհին որևէ մեկը չի կարող խանգարել, որովհետև մեզ վստահում է ժողովուրդը»:
Փաշինյանը հայտարարեց, որ շարունակելու են կառուցել երկիրը, քանի դեռ ժողովուրդը ցանկանում է դա և վստահում է իրենց:
Երթի երկրորդ խորհուրդը, Փաշինյանի խոսքերով, ինչ-որ առումով քավությունն է. «Մենք 6 ամիս առաջնորդում ենք Հայաստանն իշխանության կարգավիճակով և սա քավության երթ էր թույլ տված հնարավոր սխալների և վրիպումների համար, քավության երթ էր այն քաղաքացիների հանդեպ, ովքեր որևէ կերպ հիասթափություն են ապրել: Սա յուրօրինակ ուխտագնացություն էր Երևանի փողոցներով, որով մենք մեր հավատարմությունը հաստատեցինք Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին: Մենք ցույց տվեցինք մեր հավատարմությունն այդ ճանապարհին և այն, որ չենք շեղելու ժողովրդին, հայրենիքին, ապագային ծառայելու ճանապարհից»: