Առողջապահություն Հասարակություն 

Հարցերի անկեղծ քննարկումներ` առաջնային օղակի մասնագետների հետ

analitik.am

Կոտայքի մարզի առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) բժիշկների հետ կայացել է հերթական հանդիպում-քննարկումը: Առողջապահության նախարարության մասնագետները գործընկերներին են ներկայացրել 2019թ. հունվարից ոլորտում նախատեսվող փոփոխությունները: Առաջնային օղակին ուղղվող շուրջ 5 մլրդ դրամը շոշափելի կբարձրացնի ոլորտի բուժաշխատողների վարձատրությունը, ինչպես նաև տվյալ ոլորտի բուժաշխատողներին բժշկական ապահովագրության տրամադրումը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ` համակարգի քաղաքականության հիմքում որդեգրվել է որոշումների կայացման նոր մշակույթ. հարցերի լայն և անկեղծ քննարկումներ` առաջին հերթին տեղում ծառայություններ մատուցողների հետ, ովքեր առավել տեղեկացված են բնակչության շրջանում առկա առողջապահական խնդիրներին, կարիքներին և հոգսերին:

Ներկաներն անդրադարձել են ԱԱՊ օղակի դերի բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությանը, բուժական գործընթացները կլինիկական ուղեցույցներով, պացիենտի վարման գործելակարգերին համապատասխան կազմակերպելու կարևորությանը, քրոնիկական հիվանդություններով պացիենտների վարման գործընթացի արդյունավետության բարելավմանը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների ձևավորմանը, ինչը պետք է կառուցված լինի փոխադարձ հարգանքի, պրոֆեսիոնալիզմի և վստահության վրա:

Ամփոփելով հանդիպումը` պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետարանի միջոցով բոլոր առաջարկությունները ներկայացնել առողջապահության նախարարություն, որոնք հաշվի կառնվեն նոր ծրագրեր մշակելիս և գործող ծրագրերը գնահատելիս:

 

Նույն շարքից