Մենք բոլոր անհատ տաքսու վարորդներին ազատելու ենք բոլոր տեսակի հարկերից: Այս մասին Թալինում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ վերջիններս ամսական վճարում են 8 հազար դրամ:
Փաշինյանի խոսքերով, տաքսու վարորդներին այդ 8 հազար դրամի վճարից ազատելով՝ ցանկանում են խրախուսել աշխատանքը:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև ճանապարհային երթևեկության խախտումների համար տուգանքների վերաբերյալ նոր համակարգի մասին, որը շուտով կարող է ընդունվել: Նոր համակարգով առավելագույն տուգանքը լինելու է 29 հազար դրամը: Սակայն դրան զուգահեռ գործելու է բալային համակարգ, որի արդյունքում որոշ վարորդներ կզրկվեն վարորդական իրավունքից: Փաշինյանի խոսքերով, այս կերպ ճանապարհները կազատվեն լկտի վարորդներից և կմնան միայն կարգապահները:
Փաշինյանը խոսեց նաև միկրոբիզնեսն ամբողջությամբ հարկերից ազատելու մասին, ինչը նշանակում է՝ բոլոր այն հիմնարկները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցի 24 միլիոն դրամը, ազատվելու են հարկերից:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանում մեկնարկեց քարոզարշավը, որն ավարտվելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններով: