«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Մեղրիում է: «Եկել ենք ձեզ ասելու, որ քանդված համակարգի տեղը պետք է կառուցվի նոր, լավ, թափանցիկ, արդյունավետ, հավասար հնարավորություններ բերող համակարգ: Որի արդյունքում է, որ ՀՀ քաղաքացին կարող է իր արժանավայել կյանքն ունենալ»,- իր ելույթում ասաց Էդմոն Մարուքյանը:
ԼՀ առաջնորդը խոսեց իրենց տեսալականների իրագործման շուրջ: «ԼՀ-ն այն կուսակցությունն է, որը շատ մեծ տեղ է տալիս համաչափ տարածքային զարգացմանը»,- նշեց Մարուքյանը: Խոսեց մարզի խնդիրներից. մասնավորապես լավ բժիշկների պակասի, տարբեր բնագավառներում լավ մասնագետների պակասի մասին:
Մարուքյանը ընդգծեց, որ անգամ երբ որ մարդիկ վճարունակ են լավ ծառայություն ստանալու, լավ ծառայություն չեն ստանում, գազը մեղրեցիների մոտով անցնում, բայց գազ չունեն, խմելու ջրի խնդիր ունեն: Անդրադարձավ նաև այգիների ոռոգման ջրի, ջրամբարների կառուցման խնդիրներին:
«Ամենակարևոր խոստումը, որ կարող ենք ձեզ տալ, մենք հետևողականորեն բարձրաձայնելու ենք ձեր խնդիրները: Հետևողական կերպով ձեզ լուծումներ ենք առաջարկելու: Ամենօրյա ռեժիմով լոբբինգ ենք անելու, որ դրանք լուծվեն»,- մեղրեցիներին վստահեցրեց Մարուքյանը: