Հայաստանի հասարակությունը տրոհվում էր ընտրություններից հետո, այսօր տրոհված հասարակությամբ ենք գնում ընտրություններին: Լրագրողներին ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ հույս հայտնելով, որ ընտրություններից հետո կունենանք բազմաշերտ, բազմակարծիք, բայց համախմբված հասարակություն:
Աշոտյանի խոսքերով, կարևոր է, որ ընտրարշավը լինի մաքսիմալ բովանդակային և ծրագրային, որպեսզի ընտրողն իր քվեն այս կամ այն ուժին տա ոչ թ զգացմունքային ֆոնի վրա, այլ իմանալով, թե որ քաղաքական ուժն ինչպես է պատկերացնում այս կամ այն խնդրի լուծումը. «Մենք այն եզակի քաղաքական ուժերից ենք, որոնք ունակ են ստեղծել քաղաքական բովանդակություն, և մենք հպարտ ենք մեր այս ծրագրով»:
Աշոտյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ քաղաքացին պետք է մտահոգ լինի ՀՀ անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, սոցիալական խնդիրներով, ավանդական արժեքների այլասերմամբ, անորոշ ապագայով. «Մենք կարծում ենք, որ մարդիկ քաղաքականության մեջ կորսան գաղափար, թիմ, փորձառու մարդկանց, ովքեր ունակ են ոչ միայն ապագայում աշխատել, այլ նաև ունակ են եղել վերանայել իրենց անցյալը, դիրքավորվել որպես անդավաճան, պրոֆեսիոնալ մարդիկ և թիմ, որը պատրաստ է նաև Հայաստանի ապագայի կառուցման գործում ունենա իր դերակատարությունը: Սա է Հանրապետականի հավատամքը գալիք ընտրություններին ընդառաջ»:
Հարցին, թե ինչու ընտրել Հանրապետականին, Աշոտյանն ասաց՝ որովհետև ՀՀԿ-ն ունի պատմություն, փորձ, գիտելիք, ընդունել է իր սխալները, պատրաստ է ծառայել հայրենիքին. «Այսօր քարոզարշավի մեկնարկին մեր թիվ մեկ մրցակիցն իրեն թույլ տվեց գնահատականներ՝ կապված Արցախի հետ, որոնք կարող էին զարհուրելի թվալ 6 ամիս առաջ: Ես կարծում եմ, որ մենք կանխատեսում ենք այն քաղաքական սպառնալիքների օրակարգը, որը հետևանք է գործող իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի, սիրողականության, անլուրջ վերաբերմունքին երկրին և երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Իմ քայլը» դաշինքի անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան՝ Արցախյան ազատամարտը: