ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվում ու չեն կեղծվելու, սա է կախարդական փայտիկը, ՀՀ-ում Բաղրամյան 26-ի և Ազգային ժողովի դռները բաց են ժողովրդի առաջ, սա է կախարդական փայտիկը, ՀՀ-ում 120 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, սա է կախարդական փայտիկը։ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, քարոզարշավի շրջանակներում Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը խոսեց նաև Հանրապետական կուսակցության պաստառների մասին՝ նշելով, որ այն նման է տապանաքարի․ «Հանրապետական կուսակցությունը դուրս է եկել մեյդան, տապանաքարի նման այդ սև պլակատներն էլ սարքել են և ճիշտ էլ արել են, որովհետև այս ընտրությունները պետք է արձանագրեն Հանրապետական թալանչիների քաղաքական մահը և այս ընտրություններում Հանրապետականին՝ որպես երկիրը քսան և ավելի տարի թալանած, հանցավոր խմբավորման, պետք է նետել աղբանոցը։ Այսօր եկել, կանգնել ասում են, թե մտահոգեք բանակով քվեարկեք Հանրապետականի օգտին: Քսան տարի թալանած, սերմացու գողացող մկներ, դուք դեռ բարոյական իրավունք ունե՞ք բանակի մասին խոսել, դուք, որ մեր զինվորին նույնիսկ մայկա տռուսիկով չեք կարողացել ապահովել։ Ես մի բան գիտեմ, որ պետք է անել, պետք է իրենց բոլորին բռնել և ստիպել, որ իրենք մի շաբաթ ուտեն այն, ինչը որ հիմա իրենցից ժառանգություն ստացած իներցիայով դեռ դրվում է մեր զինվորի սեղանին։ Երեք օր ձեզ պետք է կերցնել դա և ասել բանակի մասին ձեններդ կտրեք, որովհետև այն, ինչ դուք արել եք բանակի հետ, դա կոչվում է ազգային դավաճանություն, ոչ միայն բարոյական, այլ նաև քրեական իմաստով, և զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափելու պատասխանատվությունից, նրանց տեղը բանտն է, և նրանք հայտնվելու են բանտում։
Լսե՛ք, բոլոր նախկին իշխանավորներ, ով որ Ղարաբաղի հարցում կխոսա հայանպաստ դիրքորոշման մասին, դուք խոսացեք ուրիշ բաներից, խոսեք քյաբաբից, Մերսեդեսի զապաս պագրիշկից, նաչնոյ կլուբից, բիլիարդանոցից։ Դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես ազգանպաստության ու հայանպաստության հետ, այդ դո՞ւք չեք, որ Ղարաբաղը ձեր նեղ իշխանական շահերի համար դուրս եք թողել բանակցային գործընթացից։ Մենք ասում ենք, որ հետևողական ենք լինելու Ղարաբաղին՝ որպես բանակցային կողմ, լիարժեք կողմ, որպես հակամարտության հիմնական կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում և մենք ասում ենք, որ չի կարող լինել Ղարաբաղի հարցի կարգավորում՝ առանց ղարաբաղի կարգավիճակի ճշտման: Շատ պարզ ասում ենք, որ Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի և կառավարության ցանկությունների և մտադրությունների միջև չկա անգամ միլիմետրի տարբերություն»։
Փաշինյանի խոսքերով, այն բյուջեն, որն ունենք հիմա, այդ բյուջեով Ղարաբաղի հարցը չի լուծվի․ «Այն բյուջեն, որը հիմա ունենք, այդ բյուջեով ոչ Ղարաբաղի հարցը կլուծենք, ոչ Հայաստանի հարցը կլուծենք, մենք կմնանք յոլա գնացողի ռեժիմի մեջ»։