Քաղաքական գլխավոր 

Եթե տեղի չունենար հեղափոխության հաղթանակը, Արցախյան հաղթանակը կհայտնվեր վտանգի ներքո. Նիկոլ Փաշինյան

Իմ ամբողջ քաղաքական գործունեությունը նվիրված է եղել նրան, որ մարդկանց համոզեմ՝ նրանց մեկ ձայնը որոշիչ է: Քարոզարշավի շրջանակներում Արթիկում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ քաղաքացին հասկացավ իր մեկ ձայնի որոշիչ լինելը. «Սասուն Միքայելյանը ճիշտ նշեց. Մենք, ըստ էության ոչինչ չենք արել, ամեն ինչ դուք եք արել: Մենք արել ենք այն, ինչ անում էինք նախկինում՝ գուցե ավելի մտածված և պլանավորած, սակայն հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև ձեզանից յուրաքանչյուրը հասկացել է, որ իր ձայնը վճռական է: Մենք ասում ենք քաղաքացիներին, որ կկտրենք այն ձեռքը, որը կփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել ընտրակաշառքի առաջարկով: ՀՀ քաղաքացու ձայնն այնքան թանկ է, որ նույնիսկ ամենամեծ օլիգարխն իր կարողությունը տա մեկ ձայնին, էլի չարժե: Ձեր ձայնը, ձեր դիրքորոշումն անգին է»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, իրենց համար մեծագույն պատիվ է քաղաքացու ձայնը ստանալը. «Ձեր ամեն մի ձայնը սրբություն է մեզ համար, ձեր վստահության քվեին վերաբերվում ենք որպես սրբության, մենք ծառայում ենք ձեզ: Այո, ես համաձայն եմ Սասուն Միքայելյանի հետ, եթե տեղի չունենար հեղափոխության հաղթանակը, Արցախյան հաղթանակը կհայտնվեր վտանգի ներքո, որովհետև այսօր մարդիկ են դուրս եկել, ովքեր 10,20 տարի և ավելի Հայաստանի Զինված ուժերը թալանած թիմի ներկայացուցիչներ են և որոնց ղեկավարությամբ այդ թալանը տեղի է ունեցել: Ու այդ մարդկանց լեզուն պտտվում է բանակի մասին խոսել»:

Փաշինյանը հայտարարեց. «Հանրապետական եք, ինչ եք, ծպտուններդ չհանեք բանակի մասին: Դուք թալանել եք բանակը, երկիրը, արժեքներից չխոսեք, դուք արժեզրկել եք բոլոր արժեքները, դուք ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունը և ձեզ համար Բրաբուսներ եք առել: Հիմա դուք պիտի ծախեք ձեր Բրաբուսները, որպեսզի վերադարձնեք ժողովրդից գողացածը»:

Նույն շարքից