Քաղաքական Բարի օր 

Նրանք փորձել են ասֆալտի համը. Նիկոլ Փաշինյանը հորդորում է չշշկռել

Քաղաքական ուժեր կան, որոնք ասում են, որ նոր խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Արթիկում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը. «Էտ դուք որոշել եք, որ իրավունք ունեք որոշելու խորհրդարանի և նույնիսկ մարդկանց կյանքի չափերը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք: Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չէ: Ասում եմ բոլորիդ՝ մեր ժպիտները և քաղաքավարությունը չհամարձակվեք մեկնաբանել որպես թուլություն: Այդպիսի մի քանի դեպք եղել է, և նրանք համտեսել են ասֆալտի համը: Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս գնալ այդ ճանապարհով: Ով ուզում է լինի»:

Փաշինյանի խոսքերով, ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ և գործելու է իր լիարժեք ժամկետներում, եթե ՀՀ քաղաքացիներն այլ բան չորոշեն. «Հեղափոխության ամենակարևոր իմաստն այն է, որ ՀՀ-ում հեղափոխությունների անհրաժեշտություն չլինի: Ես 7-8 տարի առաջ հոդված էի գրել, որում ասել էի հետևյալը՝ վայ մեզ, ամոթ մեզ, եթե մեր երեխաները հանուն իրենց ապագայի ստիպված կլինեն վրաններ խփել, գիշերել հրապարակներում: Ես ասում էի՝ այնպիսի հեղափոխություն պետք է անենք, որ այլևս հեղափոխությունների անհրաժեշտություն չլինի: Սրանից հետո հեղափոխություն անելու համար պետք չէ փողոցներում քնել, դրա համար բավարար է ընտրությունների օրը մասնակցել քվեարկություններին: Բացառվում է, որ մեկ ձայն գողացվի, կեղծվի: Այսպես նաև մեզ եք հեռացնելու իշխանությունից, երբ դուք ուզենաք»:

«Իմ քայլը» դաշինքի առաջին համարը նաև նշեց, որ հիմա, ինչպես ապրիլին, ժողովրդի կողմից առաջադրված թեկնածու է:

Նույն շարքից