Հայաստանում այսօր մեկնարկած քարոզարշավը շարունակում է թափ հավաքել: Քաղաքական ուժերը Հայաստանի տարբեր հատվածներից մեկնարկել են իրենց քարոզարշավը, հանդիպում են քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը, ոմանք նաև մրոտում մյուսներին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ելույթի վերջում արտասանեց մեծ հայ Ավետիք Իսահակյանի հայտնի ստեղծագործություններից մեկը:
Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-
-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք...
Արտասանությունից հետո Փաշինյանի առաջարկով հավաքվածները դըմփ դըմփ հու արեցին, որից հետո վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ ինքը Գյումրիի փեսա է՝ նշելով, որ տիկին Աննան Գյումրիի թոռ է:
Ելույթից հետո Փաշինյանը, ողջագուրվելով քաղաքացիների հետ, հեռացավ: