Հասարակություն 

Եկեղեցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի մեղադրանքին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում  խոսել է ՀՀԿ-ի այն կոչերի մասին, թե քաղաքացիները, եթե մտահոգ են  ավանդական արժեքների մասին, թող ընտրեն ՀՀԿ-ին: Նիկոլ Փաշինյանն ասել, որ  ՀՀԿ-ը խոսում է ավանդական արժեքների մասին, մինչդեռ, օրինակ, եկեղեցին այն աստիճանի վարկաբեկված չի եղել, որքան ՀՀԿ-ի օրոք: Ավելին՝ եկեղեցին ՀՀԿ-ի օրոք եղել է իշխանության կցորդը:

Araratnews.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է տվել այս մասով: «Եկեղեցին երբևէ որևէ մեկի, որևէ իշխանության կցորդ չի եղել։ Պետք է նշել, որ Հայոց Եկեղեցին՝ գիտակից իր առաքելությանն ազգային և հայրենական կյանքում, մշտապես իր ծառայությունն է բերել ի նպաստ հայոց պետականության զորացման, ազգի պայծառ ու ապահով կյանքի։

Եկեղեցին երբեմն գործել է սահմանափակումների մեջ, ինչպես օրինակ՝ խորհրդային տարիներին, իսկ անկախությունից հետո ազատության պայմաններում և ամենայն ջանք ի գործ դրել՝ վերականգնելու անցյալի կորուստները, սակայն այդ պարագաներում անգամ Եկեղեցին առաջնորդվել է հայրենի պետության շահերով։

Եկեղեցին իր ծառայությունը երբևէ չի դիտարկել քաղաքական համատեքստում, այլ պետական ու հասարակական կառույցների, ազգային հաստատությունների, ինչպես նաև կուսակցությունների հետ իր հարաբերությունների ձևավորման մեջ առաջնորդվել է ազգի ու Հայրենիքի բարօրության կերտման հրամայականով։ Ցավ է մեզ համար, որ պարբերաբար այս նյութն արծարծվում է՝ թյուր ընկալումներ ձևավորելով մեր ժողովրդի մոտ։ Ցավալի է նաև, որ այս հանգամանքը կարող է շահարկվել նաև նախընտրական քարոզարշավի օրերին»,-ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

Նույն շարքից