Քաղաքական 

Իշխանություն՝ Արցախի փոխարեն. Շահնազարյանը պնդում է, որ Սասուն Միքայելյանի ասածը պատահականություն չէր

Երբ Նիկոլ Փաշինյանի համար ակնհայտ դարձավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը, անմիջապես դրանից հետո հայ համայնքի հետ հանդիպմանը ցնցող հայտարարություն արեց, որից հետո մամուլը, ըստ էության ՀԱՊԿ-ի թեմային չանդրադարձավ: Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում, այսպես կոչված, 800 հազար անբան կա: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքերով, նույնիսկ մեր թշնամիները հայ ժողովրդին նման գնահատական չեն տվել. «Նույնիսկ Օսմանյան կայսրությունում և դրանից հետո նման գնահատական չի տրվել: Իսկ դրանով Փաշինյանը փակեց իր հերթական տապալումը»:

Շահնազարյանի պնդմամբ, նույն նպատակին ծառայեցին ասֆալտին փռելու և պատերին ծեփելու մասին հայտարարությունները, որոնք հաջորդեցին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման աղմուկին:

ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող գործիչը կարծում է, որ այսօր Փաշինյանը պայքարում է, ոչ թե 80 տոկոսի համար, այլ խորհրդարանում մեծամասնություն ունենալու, ինչը վերջինս համար ավելի պարզ դարձավ Երևանում տեղի ունեցած երթից հետո. «Երթից հետո ակնհայտ դարձավ, որ ժողովուրդը Նիկոլն է, կարգախոսն իրականության հետ կապ չունի»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի երեկվա լայվին, Շահնազարյանը նշեց, որ Փաշինյանին հիմնականում զայրացրել է ոչ թե Սասունի Միքայելյանի հայտնի հայտարարության արձագանքը, այլ ՀՀԿ-ի միջոցառումը՝ կապված քարոզարշավի մեկնմարկի հետ և որին մասնակցում էր ավելի շատ մարդ, քան՝ Փաշինյանի երթին:

Սասուն Միքայելյանի ասածի մասով Շահնազարյանն ասաց, որ դա իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը. «Այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Խոստանում եմ, որ դրանում դուք կհամոզվեք: Այսինքն, Սասուն Միքայելյանն արտահայտել է այն, ինչը իշխանությունների քաղաքական նպատակն է»:

Նույն շարքից