Հայաստան Քաղաքական Բարի օր 

Փաշինյանի ուղղակի հրահանգով բանակը թուլացվում է. Դավիթ Շահնազարյան

Հենց առաջին օրվանից Փաշինյանի կողմից հարձակումներ են կատարվում բանակի վրա: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ այսօր վարչապետի պաշտոնակատարը բանակը դարձրել է թիրախ:

«Երբ առաջին գծից մարտական գեներալներին ու սպաներին ծանուցագրերով կանչում են ՀՔԾ և ինչ-որ մաքսիմում կապիտանի աստիճան ունեցողները նրանց սպասեցնում են ժամերով, դա ուղղակի ուղղված է բանակի դեմ: Ավելին, դրա նպատակն է բանակը բերել այն վիճակին, որի մեջ ոստիկանությունն է: Դա նպատակն է, ոչ թե գալիս է անփորձությունից: Բանակը շատ նուրբ օրգանիզմ է: Պետք է հասկանալ, թե ինչ ես անում բանակի հետ, իսկ այս դասալիքների կառավարությունը չեր կարող հասկանալ դա: Մի օրինակ էլ բերեմ, անընդհատ հայտարարություններ են եղել, թե ԱԱԾ-ի կողմից հրամանատարներ են կալանավորվել: 1941-45 թվականներին ԽՍՀՄ գեներալներն ու բարձր հրամանատարությունն ամենաշատը թշնամուց չէր վախենում, վախենում էր ետևում կանգնած НКВД-ից: Սովորաբար ԱԱԾ-ն պետք է գրություն ուղարկի բանակին, որտեղ կա ռազմական ոստիկանություն և այլն, և հենց դրանք պետք է այդ գործողությունները կատարեն: Երբ ես ԱԱԾ-ն էի ղեկավարում, հենց այդպես էի անում: Այն ժամանակ ԱԱԾ-ն որևէ ձերբակալություն բանակում չի  կատարել: Ինձ հետ հանդիպել են գործող սպաներ և կիսվել այս մտահոգությամբ: Ես ԱԱԾ-ին չեմ մեղադրում, սա կատարվում է վարչապետի ուղղակի հրահանգով»:

Շահնազարյանը խոսեց նաև Մանվել Գրիգորյանի մասին. «Որևէ ստահակ թող չպնդի, որ Մանվել Գրիգորյանը պահածո է գողացել: Որևէ մեղադրանք, որը դեռ դատարանով հաստատված չէ, պետք չէ հնչեցնել: Մանվել Գրիգորյանը հայրենիքի առջև այնքան ծառայություն է մատուցել, որ արդար քննության իրավունք ունի: Հայրենիքին մատուցած նրա ծառայությունների կեսն անգամ այսօրվա կառավարությունն ամբողջ կազմով չի արել»:

Մարտի 1-ի մասով Շահնազարյանն ասաց, որ իշխանությունները փորձում են մոլորեցնել զոհերի հարազատներին և դա օգտագործել քաղաքական նպատակներով:

Նույն շարքից