Սասուն Միքայելյանը երեկ մի նախադասություն ասաց, որն ավելի ուշ պարզաբանեց, իսկ հիմա բանը հասել է նրան, որ որոշ Հանրապետականներ՝ Շուշանը Պետրոսյանը, Արմեն Աշոտյանը, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Լոռիում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Տո ձեր քաշի չափ Միքայելյանի մարմնում ասկոլկա կա: Դուք էտ ումից եք պաշտպանում Արցախյան ազատամարտը: Դուք երկար տարիներ հետևել և ղեկավարել եք բանակի թալանը, հիմա էլ եղունգներով փորձում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու: Ես չեմ հիշում, որ այդ որոշ մարդիկ, այդ թվում Արցախում, ինչ-որ նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել ու իր արջերին է դրանցով կերակրել: Բա ո՞ւր էիք այդ ժամանակ այ ազատամարտի պաշտպաններ»:
Փաշինյանի խոսքերով, ինքը գիտի, թե ուրտեղ են եղել ոմանք. «Ձեզանից ոմանք այդպիսի պահեստներ ունեն, և մենք դրանց տեղը գիտենք, դրանց լուսանկարներն ունենք, դրանք բացահայտել ենք: Շատ բան եթե չենք ասում, պետական գաղտնիքի և ազգային անվտանգության խնդիր կա: Որ ոմանք բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրենց վետերոկներն էին ֆինանսավորում, ինչո՞ւ չէիք ազատամարտը պաշտպանում»:
«Իմ քայլը» դաշինքի առաջին համարն ասաց, թե միջնորդել է, որպեսի գլխավոր դատախազությունը պարզի, թե ինչ սնունդ են ուտում զինվորները. «Հատ-հատ գտնելու եմ այդ մարդկանց, ու պատասխանատվության են ենթարկվելու՝ ինչ կոչում էլ ունենան: Հիմա էլ եկել են ելույթներ են ունենում: Ես ձեզ հատ-հատ եմ անդրադառնալու, տասնյակ տարիներ թալանին մասնակցել եք, մի բառ ծպտուն չեք հանել»: