Այսօր Երևանում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ նիստում բավական ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ։ Երբ համաժողովը վարող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ բոլոր ազգային պատվիրակությունները պարգևատրվելու են կազմակերպության 25-ամյակի առթիվ, համաժողովի երեք՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պատվիրակությունները հայտարարեցին մեդալներից հրաժարվելու մասին։
Առաջինը նման հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ իրենք ավելի վաղ ներկայացված նամակում պատճառաբանել են, և պատվիրակության ղեկավարը, որը չէր մասնակցում նիստին, խնդրել է հարցը չքննարկել:
Այնուհետև մեդալից հրաժարվելու մասին հայտարարեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը՝ նշելով, որ իրենք ընդամենը 3 տարի է, ինչ անդամակցում են ՍԾՏՀ-ին և կարծում են, որ ազնիվ չի լինի, իր խիղճը թույլ չի տալիս նման բարձր պարգևն ընդունել՝ հատուկ ընդգծելով, որ հարցը քաղաքականության հետ կապ չունի, և Երևանում իրեն շատ լավ են ընդունել, և նման ջերմ վերաբերմունք կստանան նաև Ադրբեջանում:
Նույնը նշեց նաև Թուրքիայի պատվիրակության ղեկավարը՝ հայտարարելով, որ պատիվ չունի մեդալն ընդունելու:
Ուկրաինայի պատվիրակության ղեկավարն էլ՝ Չուբարովը, առհասարակ չէր մասնակցում վեհաժողովին, թեև նրան պաշտոնական հրավեր եղել էր Հայաստանի կողմից։
Մանրամասն՝ 1in.am