Քաղաքական 

Ես չեմ ուզում խախտել Սարգսյանների, Քոչարյանների անմեղության կանխավարկած. Նիկոլ Փաշինյան

Բանակը թալանած իշխանությունն ի՞նչ իրավունք ունի խոսելու անվտանգության մասին: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հանրապետականների մասին:

Փաշինյանը խոսեց նաև ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի հայտարարության մասին, որ մայիսից հետո Հայաստանին զենք չի մատակարարվել. «Այդ կարգի հայտարարությունները կարդում եմ ու մտածում՝ քիչ է մնում ասեն՝ տղերք, Հայաստանին մայիսից զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական վախտն ա, մենք էս կողմից, դուք այն կողմից: Դուք ինչո՞վ եք մտածում: Նախ ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն իրականացվում է բնականոն պլանավորված ձևով: Բայց խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ ԶՈւ-ն և հայ ժողովուրդը, ի հեճուկս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի և Հանրապետականի, պատրաստ է կանգնել մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանելու գործում»:

Արցախի խնդրի մասով, Փաշինյանը նշեց, որ կառավարության և ժողովրդի ցանկությունների միջև հարցի կարգավորման իմաստով որևէ խզում չկա, կառավարությունն ուզում է հարցը լուծել այնպես, ինչպես ՀՀ քաղաքացին է ուզում. «Դա մեզանից ճիգ է պահանջելու: Երբ ասում եմ աշխատանքի խրախուսում, պետք է հասկանանք, որ պետք է քրտնաջան աշխատենք, մեր պետական եկամուտներն ավելացնենք, մեր բանակի, սպայական կազմի բարեկեցության, զինվորների կյանքը բարելավելու ուղղությամբ պետք է շատ լուրջ աշխատենք: Դրա համար պետք է պետական եկամուտներն ավելանան, աշխատող մարդիկ, հարկ վճարողները շատանան, հարկ վճարողների թիվը մեծանա, որպեսզի մեր երկրի բյուջեն եռապատկվի: Մեր պարտավորությունն է Արցախի հարցը կարգավորել արդարացի ձևով, մեր ազգային երազանքներին համապատասխան, բացառապես խաղաղ ճանապարհով»:

Փաշինյանը հայտարարեց նաև, որ կոռուպցիայի, չարաշահումների դեմ պայքարում ևս լուրջ աշխատանք պետք է տարվի. «Գողացված փողերը պետք է վերադարձնենք, դրանք պետք է ուղղվեն մեր ԶՈւ-ի ուժեղացմանը: Ես չեմ ուզում թվեր ասել: Ես չեմ ուզում խախտել Սարգսյանների, Քոչարյանների, Խաչատրյանների ընտանիքի անմեղության կանխավարկածները: Բայց նրանք իրենց տարածը պետք է ետ բերեն ու այդ բերածը պետք է օգտագործվի զինված ուժերն ուժեղացնելու համար: Զուգահեռ պետք է տնտեսությունն ուժեղացվի»:

Նույն շարքից