Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ մեր իշխանությունը եկել է Արցախը հանձնելու համար: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, թե չի ցանկանում էմոցիոնալ հայտարարություններ անել, որովհետև ՀՀԿ-ն և Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում. «Բայց մենք ուզում ենք, որ այդ հարցի պատասխանը ստանանք՝ հենվելով փաստերի վրա: Մեր կառավարությունը և ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել է հետևյալը՝ ՀՀ ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Արցախի հարցը, քանի որ այդ հարցի լուծողը ժողովուրդն է: Եվ եթե կլինի հարցի կարգավորման այնպիսի առաջարկ, որը իմ կարծիքով ընդունելի կլինի մեր ժողովրդի համար, ես այն կներկայացնեմ, ժողովուրդը կորոշի՝ ընդունել այն, թե՝ ոչ: Սա ամենամեծ երաշխիքն է, որը որևէ իշխանություն, առավել ևս մեր իշխանությունը չի կարող իրականացնել: Սա փաստ առաջին: Երկրորդը՝ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում հստակ հայտարարել եմ, որ ես կարող եմ բանակցել ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող դա անել Լեռնային Ղարաբաղի անունից, Ղարաբաղի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը, այն վճռական է լինելու, որովհետև Արցախի ժողովուրդն է առաջին հերթին հարցի լուծողը, և որևէ մեկը չի կարող ի հեճուկս Արցախի ժողովրդի կամքի, անվտանգության ինքնորոշման իրավունքի այդ հարցը լուծել»:
Բացի դրանից, Փաշինյանը նշեց, որ վերջերս, երբ արձակուրդի ընթացքում գնացել է Ղարաբաղ, արձակուրդի վերջին օրը հրավիրել է Արցախի ղեկավարությանը, ԶՈւ ողջ հրամկազմին և բոլոր մանրամասներով ներկայացրել Արցախի խնդրի լուծման վերաբերյալ իմ դիրքորոշումները և բանակցային գործըթնացի ողջ մանրամասները, որ մինչև հիմա եղել են. «Ես հենց նրանց ներկայությամբ ասացի՝ չեմ ընդունում այդ թվում Դավիթ Շահնազարյանենց ժամանակին արտահայտած տեսակետը, որ Ղարաբաղի հարցին պետք է փորձագետի մակարդակով տիրապետի 5-6 հոգի: Ես ասել եմ, որ այդ մարդկանց թիվը պետք է մեծ լինի, այդ հարցում չի կարող լինել գաղտնիք, ԶՈւ-ի, դիվանագիտական կորպուսի համար, որոշ չափով նաև ժողովրդի համար: Հետո ես իմացա, որ երբևե նման հանդիպում չի եղել Արցախի ղեկավարության հետ: Սրանք փաստերն են: Իսկ հրապարակային ասել եմ՝ զարմանում եմ, որ միջազգային հանրություն մեզ հարցնում են՝ պատրաստ ենք արդյո՞ք մենք զիջումների: Ես ասել եմ, որ հրաժարվում ենք պատասխանել հարցին, քանի դեռ նույն հարցը չի տրվել Ադրբեջանի ղեկավարությանը և չի եղել պատասխան»:
Փաշինյանը նշեց, որ իր ղեկավարած կառավարությունը ցանկանում է Արցախի հարցը լուծել այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում, իսկ եթե ՀՀԿ-ն այդքանից հետո նման բաներ է ասում, նշանակում է Հանրապետականը ժողովրդին է մեղադրում Արցախը հանձնելու մտադրության մեջ. «Ու սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 10 տարի վարել է Արցախը հանձնելու քաղաքականություն: Քոչարյանն ու Սարգսյանը 99 թվականից ստացել են մի բանակ, որը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: Հիմա ասեք, որևե մեկը լսե՞լ է, որ ՀՀ իշխանությունները մինչ մեզ ասեն, որ բանակն ամենամարտունակ բանակն է: Սերժ Սարգսյանը կանգնեց ու ասեց, որ բանակը կռվում է 80-ականների զենքով: Սա դավաճանության արդյունք է: Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանի եղբայրն ու Քոչարյանի ընտանիքը, Գագիկ Խաչատրյանի ընտանիքը միլիոններ ունենան, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքով»: