Իրավական Հասարակություն 

Քոչարյանի գործով դատական նիստին ամենաակտիվը եղել է Գլխավոր դատախազը

analitik.am

Բոլորի հետ հավասար մասնակցում էր դատավարությանը, դատախազությունից ամենաակտիվն ինքն էր: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկա եղել դատական նիստին:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Ալումյանը հայտնեց, որ իրենք որոշակի փաստաթղթեր պահաջնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել նիստի ժամանակ, Դավթյանը առարկել է, սակայն դատավորը հնարավորություն է տվել պահանջել դրանք:

Ալումյանը նշեց, որ գլխավոր դատախազի ներկայությունը մտահոգության առիթ չի տալիս, բայց ավելի հեշտ է մեկ դատախազի որպես մրցակից ունենալը, քան՝ վեց դատախազի, որոնցից մեկը գլխավորն է:

Փաստաբանի խոսքերով, արտաքինից կաշկանդվածություն չի նկատել դատավորի մոտ, իսկ Քոչարյանի հոգեվիճակն այնպիսին է, ինչպիսին կլինի մարդու մոտ, ում առանց հիմքերի կալանավորել են ցանկանում:

Հարցին, թե ինչու Քոչարյանը չի ցանկանում լրագրողների հետ շփվել, Ալումյանն ասաց, որ իրենց թիմից որևէ մեկն առանձնահատուկ ցանկություն չունի այս հարցով լրագրողների հետ շփվել, քանի որ ցանկացած տեքստի հրապարակումից հետո հատուկ մարդիկ կան, ովքեր հայհոյանքներ են հրապարակում, անեծքներ անում և այլն. «Հիմա ես դա վերցրել եմ ինձ վրա»:

 

Նույն շարքից