Որոշ մարդկանց լեզուները պտտվում է մեզ ասել սև, որտե՞ղ եք տեսել Հայաստանում այսքան պայծառ մարդ մեկ քաղաքական թիմում, այսքան խելացի մարդ մեկ քաղաքական թիմում, այսքան բարի մարդ մեկ քաղաքական թիմում, այսքան միամիտ մարդ մեկ քաղաքական թիմում, այսքան աներես մարդ, որ քաղաքական այս հարվածներից հետո ոչ միայն չի չքվել, չի գոլորշիացել և չի անհետացել, այլ կանգուն է, պայքարում է և պատրաստ է պատասխանատվություն կրել երկրի համար։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցող Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի խոսքերով, մարդ կա պարբերաբար վատանում է․ «Մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում, հարգելիս, չփորձես վախեցնել հանրապետականներին։ Այս մարդիկ վախեցողը չեն, մեր հետևը կանգնած մարդիկ վախեցողը չեն, մեր կուսակցությունը սովետական «գուլագից» չի վախեցել, մեր կուսակցությունն Արցախյան ճակատամարտի առաջին օրերին խրամատ փորելուց չի վախեցել, մեր կուսակցությունը պետականության վերականգնման առաջին տարվանից պատասխանատվությունից չի վախեցել, քեզանից էլ չենք վախենալու։
Ես կարծում եմ, որ բոլորիս պետք է վերաբերի մի գրառում, որն ինձ ուղարկեց անծանոթ մի կին հետևյալ բովանդակությամբ․ պարոն Աշոտյան, ձեզ ատում էի, ձեզ, ձեր ընկերներին չէի սիրում, մտածում էի դուք շահամոլ կարիերիստ եք, որ առաջինն եք լքելու հանրապետականը, հանրապետականում մարդ չի մնալու։ Ես հասկացա, որ դուք և ձեր ընկերները կարգին մարդիկ եք, բայց արդյո՞ք պետք էր կորցնել իշխանությունը, որ մենք՝ ժողովուրդս բացահայտենք, որ դուք կարգին մարդիկ եք։
Ես կարծում եմ, որ այսօրվա օրն էլ կանցնի, ընտրություններն էլ կանցնեն, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, հանրապետական անձնավորություն պիտի կրի իր մեջ ներկայի և ապագայի դասերը, որոնք մեզ պետք է պետություն կառուցելու ճանապարհին չհեռվացնեն հայ մարդուց»։