«Սասունի հետ ընկերներ ենք եղել Երասխավանյան օրերից, ամենալավը ճանաչելով Սասունին՝ և 2 տարի նրա հետ չշփվելս առիթ չի հանդիսանում, որ խոսքս չասեմ այս ազատամարտիկ հրամանատարի մասին, որը յուրովին է սիրում Արցախն ու Արցախում զոհված ամեն մի մարտիկ իր սրտում մի խաչքար է, մի արցունքի կաթիլ։
Սասունը չի հասկացել ինչ է ասել, նա գավառական մտայնության տեր մարդ է, մտքերը գրական հայերենով թարգմանող և արտահայտվելիս իմաստը շփոթող։
Չի բացառվում, որ հնչեցված խոսքը բխած լինի՝ իր թիմակիցների կողմից գուցե և շրջանառված նմանատիպ մտքերի տպավորությունից։
Փորձ մի արեք նրան ոչնչացնել այս սև ու սպիտակի հորձանուտում։ Նա Արցախ գովերգող կամ սիրող չէ, այլ հենց Արցախով ապրող ազատամարտիկ է։ Սարսափեցնողը նա է, որ թիմակիցները ծափահարում են նրան այդ խոսքի վրա և նա մանկան պես հաստատ իր մեջ հրճվում էր, թե իբր լավ բան է ասել՝ չզգալով ասված խոսքում թույլ տված այն թերին, որն արագորեն պիտի պարուրվեր քաղաքական կեղտով և քարկոծվեր հայրենասիրական ազնվագույն դաշտի կողմից։
Չճանաչեի Սասունին երբեք չէի անդրադառնա այդ թեմային, քանի որ վնասելով ամեն մի ճանաչված ազատամարտիկի վնասում եք նաև հայրենասիրական դաշտը։ Չէ՞ որ ամեն մի ճանաչված ազատամարտիկի սևացնելուց ժողովրդի և մատաղ սերնդի հոգում կորսվում է հայրենասիրության վսեմ գաղափարը։
Փորձ մի արեք մտնել այնտեղ, որտեղ շատերդ չկաք, իսկ եթե կաք և ուզում եք ասել բան, բայց լռում եք, դա էլ ես կասեմ։
Երկրում գնում է մի գործընթաց, որտեղ ասես ժխտվում է և հայրենասիրությունը, և ազգային գաղափարախոսությունը, ժխտվում է ազատամարտիկների գոյությունը, որին վկայում է վերջերս մարզահամերգայինում՝ 2200 ազատամարտիկ պատվիրակներից կայացած աննախադեպ համագումարը, որի օրակարգային գլխավոր հարցերն էին երկրում ազատամարտիկներին մի բռունցք դարձնելու և երկրում Ազգ-Բանակ ծրագիրն իրականություն դարձնելու խնդիրը։ Ցավոք իշխանական դաշտից և հատկապես պաշտպանության ոլորտից ոչ մի հրավիրված ներկա չգտնվեց համագումարին, այնինչ Երդվյալ Ազատամարտիկների Միությունն իր հիմնադրման օրվանից միշտ էլ գործել է երկրի գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո։
Ազատամարտիկ հասկացողությունը դարերից եկող հղկված հայրենի հողին արյամբ միաձուլված հոգեղեն կերպար է։
Մենք պետք է կարողանանք պահպանել հայրենիքի համար զոհված ու զոհվելու պատրաստակամություն ունեցող կամավորականի հոգին։ Ի վերջո նրանք ծնվում են միայն արյան գաղափարի ներքո և կյանքի են կոչվում նվիրվելով հայրենիքին և ժողովրդին։
Այսօրվա ժամանակն ու Արցախյան պատերազմն ունի ազատամարտիկի պայքարի կնիքը և այդ անցած ճանապարհն ու գիտակցությունը չափազանց ուսանելի պիտի դառնան այսօրվա իշխանության համար։
Այսօր մտածելու խնդիր ունի իշխանության եկած քաղաքական ուժը, քանի որ այս ժողովրդին ընկղմելով հետհեղափոխական Էֆորայի մեջ՝ դուրս են թողել նրանց ամբողջական մի հայ ժողովուրդ դառնալու գիտակցումից։
Անհրաժեշտ է գիտակցել, որ չկա դիմադիր կամ ընդդիմադիր հայ մարդ, չկան հակահեղափոխականներ կամ սև ու սպիտակներ, կա միայն ամբողջական մի հայ ժողովուրդ, որի մեջ հայրենիքը պետք է ընկալվի որպես արժեքների հավերժության և հավատի գլխավոր պայման։
Տարիներ շարունակ շրջափակումների մեջ հայտնված հայ ժողովրդի համար՝ Արցախի հողի համար մղվող կռիվն է միշտ առանձնացել նվիրական ու դժվարին ժամանակներում։
Իշխանության եկող ամեն մի քաղաքական ուժ թող իմանա, որ հողն ազգինն է և ոչ իշխանությանը և մենք պատրաստ ենք ապավինելու մեր սեփական ուժերին՝ չհաշտվելով Արցախի հիմնահարցի կարգավորման այն տարբերակին, որը մեզ համար կբերի սեփական հողի կորստի։ Հողի կորստի դեպքում կունենանք պարտված պատերազմ, իսկ պարտված պատերազմի դեպքում կործանված ժողովուրդ։ Հասկանալ է պետք, որ Արցախի ամեն մի թիզ հողը մեզ համար թանկ է ինչպես սեփական արյուն, իսկ նման հողի կորուստն արյան կորուստ է, որն իմաստավորված է հայրենիքի իմաստությամբ։
Այսօր հարկավոր է կատարել արժեքների վերաարժեքավորում, հարկավոր է արժևորել հայ ժողովրդի այն տեսակը, որոնք անկախ իրենց կարիքից հավատարիմ են մնացել արյան այդ գաղափարին։ Պիտի հոգեփոխվի մեր ժողովուրդը, դրսից հայրենիք ներմուծվող ախտերն արմատախիլ պիտի արվեն, քանի որ դրանք արդեն իսկ թունավոր երակ են մեր մատաղ սերնդի հոգեկերտվածքում։
Պիտի փոխվի երիտասարդության մտածելակերպը և արյամբ ձեռք բերված մեր անկախ երկրում ծնված ամեն մի մանչի հոգում պիտի դրոշմվի իր ժողովրդի և պետության համար ծնված զինվորի գաղափարը»։
Երդվալ Ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ, մարտական խաչի ասպետ՝ Ռուբեն Գևորգյան