ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է չեղյալ համարել Արգենտինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ նշելով, որ դրա պատճառը Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակն է:
«Հնարավոր է, որ հանդիպումը տեղի չունենա: Ինձ դուր չի գալիս այս ագրեսիան: Ես չեմ ուզում ագրեսիա»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը: Թրամփը հայտնել է, որ որոշումը կկայացնի այն բանից հետո, երբ ամբողջական տեղեկություն ստանա Կերչի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ռուսական իշխանությունների պնդմամբ, նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմական նավ հատել են ռուս-ուկրաինական սահմանը և, վտանգավոր գործողություններ կատարելով, շարժվել են դեպի Ղրիմ: Արդյունքում որոշում է կայացվել կալանավորել նավերը և դրանց անձնակազմերը: Ռուսաստանում նաև քրեական գործ է հարուցվել պետական սահմանի անօրինական խախտման համար:
Հավելենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը պետք է կայանա նոյեմբերի 30-ին Արգենտինայում, G20-ի գագաթաժողովի շրջանակներում: