Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի թեմային՝ հիշեցնելով, որ տիկին Աննան երկու անգամ արդեն հանդիպել է վերջինիս ծնողների հետ, իսկ ինքն այսօր պատրաստվում է ընդունել վերջիններիս:
Փաշինյանն ասաց, թե գիտի, որ մարդիկ մտավախություններ, հարցեր ունեն՝ կապված սահմանին պաշտպանության մակարդակի մասով. «Ես անպայման մեր ԶՈւ ներկայացուցիչների հետ այդ հարցը ևս մեկ անգամ կքննարկեմ: Եթե անհրաժեշտություն լինի հավելյալ միջոցների, դրանք կձեռնարկվեն»:
Կարեն Ղազարյանի խնդիրը, Փաշինյանի խոսքերով, պարզ խնդիր չէ, քանի որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել հայկական կողմում՝ Արցախում, գտնվող երեք ադրբեջանցիներին փոխանակել Ադրբեջանում գտնվող երեք հայերի հետ. «Թվում է, թե պարզ, մարդասիրական առաջարկ է, և ինչու պետք է մենք հրաժարվենք: Իրականում դա այդքան էլ պարզ չէ, քանի որ Արցախում գտնվող ադրբեջանիցներից մեկը 20 տարվա ազատազրկման է դատապարտված, մյուսը՝ ցմահ, քանի որ ԱՀ երկու քաղաքացու են սպանել, այդ թվում նաև մեկ 15 տարեկան տղայի՝ սեփական տան մեջ: Հարցը հետևյալն ՝ այդ սպանվածների ընտանիքները համաձայն են արդյո՞ք, որ այդ ոճրագործներին Արցախը վերադարձնի Ադրբեջանին: Դուք տեսաք, թե ինչպես հերոսացրեցին Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին: Պարզ է՝ թե այդ երկու ոճրագործներին վերադարձնեն, նրանց էլ են հերոսացնելու, մենք ուզո՞ւմ ենք նման բան: Ուզո՞ւմ ենք ուղերձ հղել, որ կարող են մտնել հայերին սպանել ու հետո հերոս դառնալ հայրենիքում: Արդյո՞ք պատրաստ ենք սրա քաղաքական ու գործնական հետևանքները կրել: Տեսեք, օրինակ Թուրքիայի կողմից մի պատանի շփոթվել էր ու անցել Հայաստանի սահմանը, մենք առանց որևէ նախապայմանի վերադարձրեցին, մենք այդպիսի երկիր ենք: Մենք Ադրբեջանի նման չենք, որ Կարենին փորձում են որպես դիվերսանտ ներկայացնել, ինչը կատարյալ սուտ է: Ես գիտեմ, որ վարկած կա՝ Կարենը ոչ թե շփոթվել սահման է անցել, այլ մտել են Հայաստան ու նրան առևանգել տնից: Այս վարկածը պետք է հետաքննվի: Այս պահին մեր ունեցած տվյալներով, նման ապացույցներ չկան: Եթե ապացույցներ լինեն, մեր դիրքերը կուժեղացնենք»:
Փաշինյանը հայտնեց, որ Դուշանբեից հետո կոմունիկացիա կա Հայաստանի և Ադրբեջանի միջև և այդ կապով էլ են աշխատանքներ տարվում. «Մենք փորձում ենք վերադարձնել: Նրանք հրաժարվում են, ուզում են, որ երեքին երեքի հետ փոխեն: Կարենը նաև մերն է, տպավորություն թող չստեղծվի, թե նա այս հարթակում կանգնածներից չէ: Ես անկեղծ ասացի այն իրավիճակը, որը կա: Մենք բոլոր դիվանագիտական քայլերը կձեռնարկենք Կարենին վերադարձնելու համար: Ինչպես մենք վերադարձրեցին Թուրքիայի քաղաքացուն, այդպես էլ Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր Կարենին: Մենք այս հարցը բարձրացնելու ենք նաև միջազգային հարթակներում»: