Օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն, սակայն այն չի լինում փաստաթղթավորել, ունենալ հստակ տվյալներ, որոնք հնարավոր կլինի տրամադրել քննչական մարմնին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման մասին:
Հարցին, թե ինչու չի ստացվում փաստաթղթավորել ստացված ինֆորմացիան, Վանեցյանը նշեց, թե մարդիկ, ովքեր արել են այդ գործն իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք և եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար. «Նրանք շատ լավ են պատրաստված եղել և հետքեր չեն թողել, որոնք կօգնեին մեղադրանք առաջադրել: Ժամանակն ամեն ինչը կդնի իր տեղը, ցույց կտա: Չգիտեմ՝ այս պահին կկարողանանք փաստաթղթավորել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց: Բայց այս պահին մի բան ասեմ, երևի ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են գաղտնալսել ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին: Ավելին, այդ խոսակցությունները դարձնեին հրապարակային»:
ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ հայտնի ձայնագրությունը համացանցում եղել է սեպտեմբերի 6-ից. «Սեպտեմբերի 11-ին է այն դարձել հասանելի հանրության լայն շերտերին: Դրա պատճառն այն է, որ նրանք գործել են շատ զգույշ և հետքեր չեն թողել: Եթե մենք կարողանայինք ֆիքսել սկզբնաղբուրը, կկարողանայինք կծիկը քանդել»:
Տեսանյութը տեղադրվել է Իսպանիայից. «Իսպանիայում աշխատում ենք դեռ նորություն չկա: Կա մոտավոր շրջանակ, թե ովքեր են պատվիրողները, սակայն չկան փաստական ապացույցներ»։