Հասարակություն 

Պաշտպանների կողմից արված աշխատանքների շնորհիվ կա վերաբերմունքի փոփոխություն․ Լարիսա Ալավերդյան

Տեղին է ասել, որ պետք է գնահատել մեր անցած ճանապարհը ոչ միայն իշխանությունների սխալներով և բացթողումներով, այլ այն աշխատանքով, որը տեղի է ունեցել մեր հասարակության ամենաակտիվ խավերի և մարմինների կողմից և այդ շարքում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն՝ իր ուրույն տեղն ունի։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ չի կարելի դատել անցած ճանապարհի մասին երեսուն կամ քսան տարվա, հաշվի չառնելով այն իրական ճիգերը, որը գործածվել են, և մենք այսօր ունենք այնպիսի նվաճումներ, առանց որոնց հնարավոր չէ շարժվել առաջ․ «Նախևառաջ վերաբերմունքն իշխանության կողմից դեպի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, չեմ ուզում վատ բաներ հիշատակել, բայց վերաբերմունքն ամենևին ուրիշ էր, կարծես թե իշխանությունները չէին հասկանում, տեղը չէին բերում, թե սա ինչ հաստատություն է։ Ես տեսնում եմ, որ այս տարիների ընթացքում առնվազն բոլոր այդ պաշտպանների կողմից արված աշխատանքների շնորհիվ կա վերաբերմունքի փոփոխություն, ինչն ամենևին չի նշանակում, որ ավելի հեշտացել է աշխատանքը, խիստ հակառակը։ Երկրորդ դրական փոփոխությունը դա հասարակության մեջ մարդու իրավունքների ընկալումն է, և նաև այն, թե ինչ հարցերով պետք է դիմել մարդու իրավունքների պաշտպանին»։

Խոսելով բացթողումների մասին տիկին Ալավերդյանը նշեց, որ ինչքան էլ փոքր է երկիրը և ինչքան հեռու մարզը, այդքան ավելի կարևոր է այդտեղ ունենալ ներկայացուցչություն և տեղում քաղել նյութը, տեղում իրականացնելով մարդու իրավունքների վերականգնումը․ «Վերականգնման առումով մենք դեռ չենք հասել ամբողջական վերականգնման այդ գործընթացներին»։

Նույն շարքից