Հասարակություն 

Աննա Հակոբյանի խոսնակը 1 շաբաթ աշխատելուց հետո ազատվել է պաշտոնից. Հրապարակ

Վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը, աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ «ՍիվիլՆեթ» կայքի նախկին պրոդյուսեր Արփինե Զարգարյանին։ Առնվազն երեք տարատեսակ պատճառ է հնչում։ Կառավարության կուլիսներում ասում են, որ առաջին «վարչատիկինը» որոշել է, որ Արփինեն չի համապատասխանում իր պահանջներին։ Տեսակետ կա, թե վերջինս հեռացել է քաղաքական նկատառումներով։ Նա «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է, դրա ակտիվից, եւ չի բացառվում, որ ինչ-որ հարցում չի արդարացրել ՔՊ-ականների սպասումները։ Արփինե Զարգարյանն այլ կերպ է բացատրում իր հեռանալը։

«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ այլ աշխատանքի է անցնելու, եւ դա է եղել հեռանալու պատճառը։ «Մենք քննարկել ենք Աննա Հակոբյանի հետ, եւ նա համաձայնել է, որ ես հեռանամ»,- ասաց Արփինե Զարգարյանը՝ չմանրամասնելով, թե այդ ինչ ավելի լավ առաջարկ է անսպասելիորեն ստացել այս խառը պահին եւ դա նախընտրել առաջին տիկնոջ խոսնակի գործից։

Հիշեցնենք, որ նա հեշտ չէր դարձել առաջին տիկնոջ մամուլի պատասխանատուն։ Աննա Հակոբյանը երկար չէր կարողանում խոսնակ ընտրել։ Հոկտեմբերին նա մրցույթ էր հայտարարել՝ համապատասխան կադր գտնելու հույսով, որին հարյուրից ավելի դիմորդներ էին մասնակցել։ Արփինե Զարգարյանը նշանակվել էր երկու շաբաթ առաջ եւ հեռացավ ընդամենը մեկ շաբաթ աշխատելուց հետո։ Նրա փոխարեն Աննա Հակոբյանն ընդունել է Հասմիկ Հարությունյանին, որը նույնպես մրցույթի մասնակիցներից է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից