Գլխավոր Հասարակություն 

Սաշիկ Սարգսյանն այն 30 միլիոն դոլարը վերադարձնում է պետությանը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ինձ ասել են, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այդ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե: Այս մասին այսօր Տավուշում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքն այն 30 միլիոն դոլարի մասին է, որը գտնվում է մեկ բանկային հաշվի վրա և որի մասին ինքն ավելի վաղ խոսել է:

Փաշինյանի խոսքերով, բոլոր գումարներն ընդհանուր առմամբ պետք է վերադարձվեն և առաջին հերթին ծախսվեն Զինված ուժերի վրա:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ հայտարարությամբ էին հանդես եկել նաև գեներալ Մանվելի փաստաբանները՝ հայտնելով, որ 5 միլիարդ դրամի գույք Գրիգորյանը պատրաստ է նվիրել պետությանը: Փաշինյանի խոսքերով, կառավարությունը դեռ որևէ կերպ դրան չի արձագանքել, քանի որ կարևոր է, որ հանրությունը ձևակերպի այն, թե ինչպես է դրան վերաբերվում. «Ինչ պետք է անենք նման դեպքերում, որքանով նախաձեռնող պետք է լինենք: Ես ձեզ ասեմ, որ գործընթացն արդեն սկսված է, նույնիսկ կան դեպքեր, որ քրեական գործ չկա հարուցված, սակայն մարդիկ նախաձեռնություն են ցուցաբերում պետությանն ինչ-որ բան վերադարձնելու համար, սակայն չեն ասում, թե ինչի դիմաց: Ես կարծում եմ, որ նոր խորհրդարանի ամենակարևոր խնդիրներից մեկը պետք է լինի անցումային արդարադատության գործիքների ստեղծումը»:

Փաշինյանը նաև հայտնեց, որ Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի իր «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը։

Նույն շարքից