Գլխավոր Քաղաքականություն 

Չեմ հասկանում վերջին օրերին Արցախի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը. Փաշինյանը սթափության կոչ է անում

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ճամբարակում քաղաքացիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսեց օրեր առաջ արած իր այն հայտարարության մասին, որ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. «Երեկ երեկոյան ժամանակ ունեի, որոշեցի մի քիչ հետևել, թե ինչ է կատարվում համացանցում: Զարմանքով նկատեցի մի այսպիսի բան. Իմ հայտարարությունների վերաբերյալ նյութեր նկատեցի, թե իբր դա շահարկում է: Ես շատ պարզ բան եմ ասել, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում որդին ծառայում է ԼՂՀ-ում: Բնականաբար, այս շարքում նկատի եմ ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Սարգսյանը որդի չունի: Գրել են, թե ինչպես կարելի է այսպես ասել: Ես գիտեմ, որ Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է: Ես վերնագրեր տեսա, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են: Ես չհասկացա նաև Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների արձագանքը: Ես ընդհանրապես վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը: Բացարձակապես չեմ հասկանում, թե ինչի են ակտիվացել, տարբեր մեկնաբանություններ անում և ինչու են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ես շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, դրանք անպայման կքննարկեմ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ Սահակյանին հորդորում եմ, որ Արցախի կառավարության ներկայացուցիչներին կարգի հրավիրի և նրանց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու:

Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս: Այ քեզ բան: Պատկերացնո՞ւմ եք իմ խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանությունենր տա: Դուք հասկանո՞ւմ եք, թե դրա հետևանքն ինչ կլինի: Սթափվեք հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե ես ձեզ հետ կքննարկեմ այն, ինչ տեղի է ունեցել, բայց ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»:

Հիշեցնենք, որ իր վերոնշյալ հայտարարության մեջ Փաշինյանը բառացի ասել էր նաև հետևյալը, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների տղաները չեն ծառայել Ղարաբաղում ու ընդհանրապես չեն ծառայել։

Հիշեցնենք նաև, որ նշյալ թեմայի շուրջ Analitik.amզրուցել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ:

 

Նույն շարքից