Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանի որդիները «ծառայել» են. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են բանակում: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ճամբարակում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ վերջիններս ծառայել են (մատներով չակերտներ ցույց տվեց) Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են ՊՆ վարչական մասում, մյուս որդին ծառայել է որպես վարորդ, պետական ավտոմեքենան դրել են տակը, ուր ուզել գնացել է պետության հաշվին. «Ինչու եք այդպես ոգևորվել: Ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Եթե որևէ մեկն իմ ասածը կասկածի տակ դնի, փաստերով և փաստաթղթերով կապացուցեմ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում՝ հավելելով, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների որդիները չեն ծառայել Ղարաբաղում ու ընդհանրապես չեն ծառայել:

Այսօր նա հայտնեց, որ դա ասելով նկատի է ունեցել ՀՀ երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Նույն շարքից