Հասարակություն 

Դեսպան Տիգրան Բալայանը հավատարմագրերը հանձնեց Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդերին

analitik.am

Նոյեմբերի 28-ին Հաագայի թագավորական պալատում կազմակերպված հատուկ արարողությանը Նիդերլանդներում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերը հանձնեց Վիլեմ-Ալեքսանդեր Թագավորին (King Willem-Alexander)։

Հանձնման արարողությունը մեկնարկեց ՀՀ դեսպանատանը, որտեղից Նիդերլանդների Թագավորի ներկայացուցչի ուղեկցությամբ ՀՀ դեսպանը թագավորական կառքով ուղևորվեց Նորդեյնդե (Noordeinde Palace) պալատ, որտեղ զինվորական նվագախմբի կատարմամբ ՀՀ պետական օրհներգի կատարումից հետո, դեսպանը անցավ պատվո պահակախմբի առջև և ընդունեց պահակախմբի հրամանատարի զեկույցը։

Նիդերլանդների Թագավորին հավատարմագրերի հանձնելու արարողությանը հետևեց Թագավոր Վիլեմ-Ալեքսանդերի և ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի առանձնազրույցը՝ ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոկա Բրանդի (Yoka Brandt) և արքունիքի ղեկավար, դեսպան Յան Ֆերստեգի (Jan Versteeg) ներկայությամբ։

Զրույցի ընթացքում դեսպան Բալայանը Նիդերլանդների Թագավորին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։ ՀՀ դեսպանը Թագավոր Վիլեմ-Ալեքսանդերին հայտնեց նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։

Նիդերլանդների Թագավորը ողջունելով երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ ՀՀ դեսպանի ծրագրերը` հաջողություններ մաղթեց առաքելության իրականացման ընթացքում։

Նույն օրը հավատարմագրերի հանձնման կապակցությամբ ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոլանդական պետական, մշակութային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների անդամներ։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին դեսպանության հրավերն ընդունելու համար, դեսպան Բալայանն ընդգծեց, որ ակնկալում է նրանց աջակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության խորացման նպատակով դեսպանության նախաձեռնություններն իրագործելու համար։

 

Նույն շարքից