Իրավական Հասարակություն 

Դատարանների նկատմամբ ճնշումներն աննախադեպ են, դատավորներին պիտակավորելը վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել. Հայկ Ալումյան

analitik.am

Ես ոչ մեկի որդիների ծառայության հանգամանքները չեմ ուզում քննարկել: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, դատարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ այսօր երկրորդ նախագահը խոսի լրագրողների հետ և պարզաբանում տա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասով:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Քոչարյանի որդիները ծառայել են Երևանում, ոչ մի օր զորամասում չեն անցկացրել, իսկ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում:

Ալումյանը նշեց, որ Քոչարյանն ու փաստաբանները չեն ցանկանում շփվել լրագրողների հետ, քանի որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են հետևում, որ իրենց նյութերի տակ հայտնվող մեկնաբանությունները լինեն ցենզուրայի սահմաններում:

Մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե դեկտեմբերի 1-ին Քոչարյանը կալանավորվելու է, Ալումյանը ծանոթացել է այսօր. «Այդ հարցը ես դատական նիստի ժամանակ բարձրաձայնել եմ: Քանի որ ես իրավունք չունեմ դատավորին հարցեր ուղղելու, դա ներկայացրեցի որպես հայտարարություն՝ ցանկություն հայտնելով, որ դատավորը մեկնաբանություներ տա, սակայն նա դա չարեց»:

Ալումյանի խոսքերով, վերջին շրջանում դատարանների նկատմամբ ճնշումներն աննախադեպ են. «Պետք չէ մարդկանց մոտ թշնամանք առաջացնել դատարանների նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ նման համոզման է եկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններից հետո:

Փաստաբանի խոսքերով այսօրվա ճշնումներն աննախադեպ են. «Կարծում եմ՝ այս տեսակի ճնշումը շատ ավելի վտանգավոր է իր բնույթով, քան այն ճնշումը, որը ժամանակին կար Բաղրամյան 26-ից և որը ես բազմիցս քննադատել եմ, որովհետև հասարակության մեջ ատելություն է առաջանում այն դատավորի մոտ, ով համարձակվեց օրենքը կիրառել ու Քոչարյանին ազատ արձակել»:

Նույն շարքից