Քաղաքական 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և նույնիսկ ոչ էական հարց է․ Նիկոլ Փաշինյան

Հավաքական անվտանգության պայմանագրի հետ կապված մենք ոչ թե վատթարացրել ենք որևէ մեկին հետ մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, և այն հեղինակազուրկ իրավիճակը, որը մենք ժառանգել ենք այդ և ոչ միայն այդ կազմակերպություններում։ Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սևան քաղաքում քարոզարշավի շրջանակներում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների իրենք մտադիր չեն լռության մատնել անվտանգության հետ կապված խնդիրները և չեն համակերպվելու այն իրողությունների հետ, որը տեղի է ունենում․ «Մենք շատ կարևոր ենք համարում, որ հավաքական անվտանգության կազմակերպությունում հստակեցնենք մեր պարտավորությունները մեր դաշնակիցների առաջ և նաև հստակեցնենք մեր դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ, մեր պարտավորությունները կազմակերպության առաջ և կազմակերպության պարտավորությունները մեր առաջ։ Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հետ հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար, որովհետև եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք իրավիճակը գնալով ճահճանալու է և մեր համար ստեղծելու է ավելի ու ավելի մեծ խնդիրներ։ Ես ասել եմ ու էլի եմ ասում, հավաքական անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և նույնիսկ ոչ էական հարց է, շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այս ողջ համատեքստում։ Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը, Արցախի անվտանգության շահերը»։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Փաշինյանը նշեց․ «Մենք ոչ մի բան էլ չենք կասեցրել, այդ ո՞վ է, որ մեզ մեղադրում է ինչ-որ բան կասեցնելու մեջ, ընդհակառակը, մենք այս ընթացքում բանակցային շատ կոնկրետ արդյունքներ են արձանագրել, ինչի ապացույցը սահմանին, առաջնագծում տիրող համեմատական խաղաղությունն է, և հրադադարի ռեժիմը երբեք ավելի շատ չի պահպանվել վերջին առնվազն տասնհինգ տարիներին, ինչքան հիմա, բայց սա ոչ մի բան չի նշանակում։ Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանը և մենք ունենք տարբեր ընկալումներ և տարբեր պատկերացումներ, և մենք ասել ենք, որ պատրաստ ենք Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, բայց ես ասել եմ, որ կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, որովհետև ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, և ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից, որովհետև ես Ղարաբաղի նախագահը չեմ, ոչ էլ վարչապետը»։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման համար կարևոր է, որ բանակցային գործընթացին մասնակցի նաև Արցախը. «Մենք նախորդ կառավարությունների և իշխանությունների կոպտագույն սխալն ենք համարում Ղարաբաղը բանակցային սեղանից հեռացնելը: 1994 թվականի հրադադարի պայմանագիրը ստորագրել է երեք սուբյեկտ, ՀՀ-ն, ԼՂ-ն և Ադրբեջանը: Բուդապեշտի գագաթաժողովում Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ: Բայց հետագայում Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից, այդ թվում նաև Հայաստանի մասնակցությամբ: Դա մեր արտաքին քաղաքականության կոպտագույն սխալն է, որի հետևանքները մենք մինչև այսօր զգում ենք: Մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու ենք այդ կոպտագույն սխալը շտկելու համար»:

Նույն շարքից