Մենք իրար հետ հաղթել են, նույնիսկ ընտրությունները, մնացած ամեն ինչը էական չէ, էականն այն է, որ այսօր ՀՀ քաղաքացին հաղթել է, և մեր մեծագույն առաքելությունը քաղաքացու այդ հաղթանակը մշտական դարձնելն է: Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հրազդանում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքերով, այլևս երբեք ՀՀ քաղաքացու ձայնը չի կեղծվելու, ՀՀ քաղաքացին իր հայրենիքում իրեն օտարված չի զգալու, ՀՀ քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու, լկտիություն չի լինելու. «Մենք Հայաստանի Հանրապետությունը ծաղկեցնելու ենք և դարձնենք իրոք հզոր և երջանիկ երկիր: Այսօր շատ են խոսում այն մասին, թե ինչ է փոխվել երկրում: Այս ընթացքում համապատասխանաբար 20 և 10 դրամով էժանացել է գազն ու լույսը սոցիալախպես անապահով խմբերի համար՝ որոշակի չափաքանակներով, ի հեճուկս կառավարության նախկինում կնքած պայմանագրերի, խմելու ջուրը մինչև 2024 թիվը չի թանկանալու, այնինչ դեկտեմբերին պետք է թանկանար, 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացվել է և 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա հաջորդ տարի, 89 հազար մարդու թոշակ ու նպաստ կավելանան հունվարի 1-ին, բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի, բարձրացել են անշարժ գույքի գները, ինչը նշանակում է, որ շուկայում աշխուժություն է մտել»:
Փաշինյանը խոսեց նաև վարկային պատմությունները մաքրելու, Բաղրամյանի ու ԱԺ-ի դռները բացելու և այլնի մասին:
«Իմ քայլը» դաշինքի առաջին համարը չմոռացավ նաև հիշեցնել Սերժ Սարգսյանին հեռացնելու, օլիգարխիան վերացնելու, իշխանությունը քաղաքացիներին վերադարձնելու, արտահերթ ընտրություններ կազմակերպելու խոստումների մասին, որոնք կատարված են:
«Մեր ամենակարևոր խոստումն այն է, որ որ պահին դուք կորոշեք, որ մենք չպետք է լինենք կառավարություն, մենք երբեք ձեր մի քվեն անգամ չենք կեղծելու մեր իշխանությունը պահելու համար: Դուք միշտ ունենալու եք դա անելու հնարավորությունը: Եթե գոհ կլինեք, կքվեարկեք մեր օգտին ու մենք կշարունակենք, եթե գոհ չեք լինի, կքվեարկեք մեկ այլ ուժի օգտին, իսկ մենք կհեռանանք: Ես ուզում եմ, որ քաղաքացին զգա իր ուժը, իր քվեի ուժը: Այս քարոզարշավի առաջին օրերի ֆեյքերը գրում են, թե ժողովուրդը երազում է Հանրապետականի վերադարձի մասին, թան էլ չէ փրթած մածուն»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով բոլորին անպայման մասնակցել ընտրություններին: