Ռազմական Հասարակություն 

ՊՆ-ն 105-165 հազար դրամ աշխատավարձով աշխատանքի է հրավիրում պայմանագրային զինծառայողների

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B,C,D/, վարորդ /B,C/, ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով:

ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայության չանցած և պահեստազորում հաշվառված արական սեռի և, անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, իգական սեռի մինչև 36 տարեկան քաղաքացիները։

Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով.

  • օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,
  • ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,
  • ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ։ Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր՝ երեք տարի ժամկետով։

Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից։ Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 105 հազար ՀՀ դրամ/առանց եկամտահարկի/։ Մարտական հերթապահությամբ պայմանավորված՝ պայմանագրային զինծառայողներին տրվում է նաև մինչև 60 հազար ՀՀ դրամ հավելավճար։

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատներ։

Նույն շարքից